Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սենատում այդ բանաձևի քննարկման վրա դրված վետոյին: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։
Էրդողանը, խոսելով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներից, նշել է, որ դրանք արհեստականորեն մեծացել են ԱՄՆ-ում հակաթուրքական շրջանակների կողմից:
Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանն ուղղված ջանքերի իրական բնույթն ամենից լավը նկատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ Էրդողանի՝ իրենք փաստաթղթերով ցույց են տվել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը «հակասում է պատմական ճշմարտություններին և անարդար է»:
«Մեր հանդիպումից հետո,- ասել է Էրդողանը, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կապված են Սենատում հայկական պնդումների շուրջ քննարկմանը, ինչպես գիտեք, ձախողվել են: Վետո է դրվել»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին մեկնել էր Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ ընթացքում ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը վետո էր դրել սենատոոր Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վրա: