fbpx
Քաղաքականություն

Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է Հայոց ցեղասպանություն ճանաչումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովի ժամանակ խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին գրում է Ermeni Haber-ը։

Նա նկատել է տվել, որ «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը ԱՄՆ-ի անվտանգության քաղաքականության, դիվանագիտական հարաբերությունների մեջ և ներքաղաքական կյանքում սկսել է լուրջ հետևանքների հանգեցնել:

Էրդողանը, դիմելով ամերիկյան հանրությանը և ամբողջ աշխարհին, ասել է. «Այս քայլը մեզ համար որևէ արժեք չունի, այն չենք էլ ճանաչում: Եթե անկեղծ խոսենք. «Իրենք նվագում, իրենք էլ՝ պարում»: Այս է: Սրան հակառակ՝ մեզ վշտացնում է, որ մեր երկրի նկատմամբ արվող այս զրպարտությունները որևէ երկրի խորհրդարանում ընդունվում են: Սա ի՞նչ ընկալում է»:

Թուրքիայի նախագահն այնուհետև կրկնել է նախկինում իր կողմից բազմիցս հնչեցված տեքստերը.

«Մենք տարիներով ասում ենք, որ այս հարցը պատմաբանների և հնագետների գործն է: Պատվիրակենք նրանց, պատվիրակություն ստեղծենք, թող աշխատեն, որ այս հարցին քաղաքական աստառ չտան: Այս բոլոր աշխատանքներն անելուց հետո քաղաքական գործիչները սեղանի շուրջ նստեն և կատարվածն իր անունով կոչեն: Եվ մենք մեր արխիվները բացեցինք: Այս պահին մեր արխիվում այս հարցին առնչվող միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Եթե հայերն ունեն, թող նրանք էլ բացեն իրենց արխիվները, բայց հայերը մինչև այսօր այս հարցին վերաբերող որևէ արխիվ չեն կարողացել բացել: Չունեն էլ, որ բացեն»:

Նա հայտնել է, որ Թուրքիան չի ճանաչում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կատարած քայլն ու ընդունած որոշումը: Ըստ Էրդողանի՝ մի երկիր (ԱՄՆ-խմբ.), որի պատմությունը լի է «ցեղասպանություններով, ստրկացումներով ու գաղութացումներով», չի կարող Թուրքիային ո՛չ դաս տալու, ոչ է՛լ որևէ խոսք ասելու իրավունք ունենալ:

Էրդողանը անդրադառնալով ASALA-ի գործունեությանը, ասել է. «Թուրքիան մի երկիր է, որն անցյալում երկար տարիներ շարունակ տուժել է հայկական ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներից: Հիմա ես կրկին դիմում եմ Ամերիկային՝ 1970-80 թվականներին ASALA-ն 21 տարբեր երկրներում թուրքական դեսպանատների ու ներկայացուցչությունների վրա ավելի քան 100 հարձակում է իրականացրել: Դուք դրանից տեղյա՞կ եք: Դրա փաստերը, ամեն ինչը կա մեր ձեռքում: Այդ հարձակումների հետևանքով մեր ավելի քան 40 դիվանագետներ ու ներկայացուցիչներ են զոհվել: Դրանից տեղյա՞կ եք»:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել միակողմանի որոշումներ չկայացնել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

«Ասում եմ ևս մեկ անգամ. մեր հավատքի մեջ ցեղասպանությունը կտրականապես արգելված է: Այստեղ տեղահանություն դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնողները միայն ու միայն մեղավոր փնտրելու նպատակ ունեն: Այդպիսի մեղադրանքը համարում ենք մեր ժողովրդին ուղղված ամենամեծ վիրավորանքը: Ալլահի կամքով խորհրդարանն (Թուրքիայի մեջլիս – խմբ.) անհրաժեշտ պատասխանը կտա պատմական իրողություններին հակասող և ամբողջությամբ ներքաղաքական նպատակներ հետապնդող այդ քայլին: Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ցանկանում եմ, որ տեքստը ընդունվի միաձայն ու մենք էլ նույն կերպ այն ուղարկենք ԱՄՆ»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացել են ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ