Հասարակություն
16:20 28/10/2019

«Երեխաների քաղաք» նախագիծը հակասում է երկրի որդեգրած մի շարք սկզբունքների․ Արև Մելքոնյան

Այս տարվա օգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:

Ըստ նախագծի՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր: Այնտեղ օթևան պետք է գտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին։

Այս նախագծի վերաբերյալ զրուցել ենք #Դեմ_եմ_մեկուսացմանը նախաձեռնության համակարգող թիմի անդամ Արև Մելքոնյանի հետ։

Արև, մեր մեդիանախաձեռնությունը հետևում է Հայկական Կարիտասի «Երեխաների քաղաքը» ծրագրի վերաբերյալ զարգացումներին և հետաքրքրություն է առաջացել Ձեզ որպես ոլորտից տեղեկացված մարդու գնահատական և կարծիք լսել.

– Ինչու՞ են իրականացնում նման ծրագիր և ինչ խնդիրներ եք տեսնում։

– Թե ինչու են իրականացնում, չեմ կարող ասել, ըստ իրենց դա Երեխայակենտրոն ծրագիր է, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ այն հակասում է երկրի որդեգրած մի շարք սկզբունքների, մասնավորապես՝ ներառականության և համայնքներում լիարժեք ապրելու իրավունքների:

– Ձեր և ոլորտում մասնագիտացված այլ կազմակերպությունների ու անհատների կարծիքն արդյո՞ք կառավարությունը հաշվի է առնում նմանատիպ նախագծերը կյանքի կոչելուց առաջ. ինչ-որ դիսկուրս տեղի ունենու՞մ

– Ի սկզբանե ոչ ոքի կարծիք հաշվի չի առնվել, մեր՝ 17 հկ ներկայացուցիչների և անահտների կողմից կազմված #Դեմ_եմ_մեկուսացմանը նախաձեռնության բողոքի ակցիաներից հետո որոշվեց նախորդ որոշումը հետ կանչել: Հիմա նոր նախագիծ են կազմել և դրել հանրային քննարկման, բայց երբ կարդում ես նախագիծը հասկանում ես, որ էականորեն ոչինչ չի փոխվել, ընդհամենը բառախաղի միջոցով թաքցրել են բուն էությունը: Եվ հետո, մեզ ոչ ոք չի առաջարկել նստել քննարկման սեղանի շուրջ, այդ ամենը մնացել է օնլայն տիրույթում:

– Ինչպե՞ս եք տեսնում շահագրգիրռ կողմերի միջև կոնֆլիկտային թեմայի վերացումը։ Հնարավո՞ր է քննադատողների, իրականացնողների և Կառավարության միջև ձեռք բերվի ողջամիտ պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով բոլոր կարծիքները։

– Կոնֆլիկտային հարցը որպես էդպիսին այդ ծառայությունների մատուցման ինստիտուցիոնալացումն է, պետությունը մի կողմից փակում է հատուկ հաստատությունները, որպեսզի յուրաքանչյուր երեխա ներառվի իր համայնքում, իր տարածքային դպրոցում, իսկ մյուս կողմից հավանության է արժանացնում մի նախագիծ, որը ավելի մեծ հաստատություն կարող է դառնալ խոցելի խմբերի համար: Լուծումը կլինի այն, որ այդ գումարները ուղվվեն համայնքային ծառայությունների բարելավմանը և ամեն երեխա իր ընտանիքում ապրի և ներառվի իր համայնքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ