fbpx
Արցախ

Երևանում մեկնարկել է Արցախի և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ՝ Երևանում մեկնարկել է Արցախի և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել ելույթներով:

ԱՀ նախագահը իր ելութում ասել է․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների հարգարժա՛ն անդամներ,

Քանի որ առաջին անգամ եմ մասնակցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, նախ, կուզեի ողջունել ավանդական դարձած այս ձեւաչափը: Այն կարևորագույն ձեւաչափ ու հարթակ է մեր միացյալ հայրենիքի ու ընդհանրապես հայ ազգի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ մտքերի փոխանակման, մոտեցումների հղկման և ջանքերի համատեղման համար: Արդեն նկատելի են այս ձեւաչափով աշխատանքների առաջին ձեռքբերումները, և համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդպիսի ձեռքբերումներն անընդհատ ավելանալու են՝ բարձրացնելով հայրենիքի անվտանգության մակարդակը:

Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիքն է ամենուր: Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև՝ չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում:

Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում ներդաշնակ ու միասնական աշխատանքը բոլոր հնարավոր սուբյեկտների միջև՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գերատեսչություններից մինչև քաղաքացիներ ու տարբեր բնույթի կազմակերպություններ: Վստահ եմ՝ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով մենք կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերները՝ միևնույն ժամանակ օգտվելով ճգնաժամի ընձեռած հնարավորություններից:

Անշուշտ, կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ: Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի:

Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու՞ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում:

Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, եւ ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Եթե հակիրճ ձևակերպելու լինենք, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա եւ գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները: Այդ պատասխանատու գործառույթը դրված է առաջնահերթորեն անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա, ուստի մենք պարտավոր ենք կիրառել բոլոր արդյունավետ ձեւաչափերն ու մեթոդները մեր համազգային առաքելությունը պատվով կատարելու համար:

Բարի աշխատանքային ընթացք եմ մաղթում մեզ բոլորիս»,։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ