Հասարակություն

Երևանի կենդանաբանական այգու տարածքում այս գիշեր ևս երկու շուն են բռնվել ու թմրեցվել

Երևանի կենդանաբանական այգու տարածքում այս գիշեր իրականացված աշխատանքների արդյունքում հեռահար թմրեցման սարքի միջոցով թմրեցվել և բռնվել է ևս երկու թափառող կենդանի։ Կենդանիներից մեկը եղել է ստերջացված՝ ականջին դեղին տարբերանշանով։ Այս մասին հաղորդում են Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Երևանի կենդանաբանական այգին չի՛ կարող և չի՛ պնդում, թե հայտնաբերված թափառող կենդանիներն են վնասել Այգու բնակիչ կենգուրուներին և մուֆլոններին, դա ցույց կտան հետագա ուսումնասիրությունները և հետազոտությունները, որոնք իրականացվելու են այլ՝ պատկան մարմինների կողմից։

Հայտնաբերված թափառող կենդանիները ոչ մի պարագայում չեն վնասվել իրականացված գործողությունների ընթացքում, խնամքով և հոգատարությամբ փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ։ Խնդրում ենք չառաջացնել ավելորդ լարվածություն, քանի որ Երևանի կենդանաբանական այգու համար կարևոր է յուրաքանչյուր կենդանու բարեկեցությունը։ Գիշերային ուժեղացված ծառայությունը կշարունակվի մինչև խնդրին գտնվի և տրվի համակարգային լուծում»,- գրված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը վերջին օրերին շների հարձակման հետևանքով 6 կենդանու անկումից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել։ Շների ոհմակի հարձակման հետևանքով գրանցվել էր 3 կենգուրույի անկում, ապա շների հարձակման զոհ էր դարձել 3 մուֆլոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ