fbpx
Խորհրդարան
18:30 22/01/2020

Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու. Նիկոլ Փաշինյան

Մենք որոշել ենք ինքներս մեր քաղաքական դիրքորոշումից նահանջել և գնալ զուտ իրավական ճանապարհով: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին։ Հարցն այն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նախագծի չընդունելը սահմանադրական և քաղաքական մակարդակում հետընթաց չի համարում, ինչպես քանիցս նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերոնշյալ որոշումը կայացվել է, երբ ձևավորվել է ակնհայտ և անհերքելի փաստ, որ Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների մասով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը չի կարող ընդունվել։

«Իհարկե, քննիչ հանձնաժողովի համար անհրաժեշտ ստորագրություններն ԱԺ-ում հավաքվեցին, ԱԺ-ն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, նաև ԱԺ նախագահը համապատասխան հայտարարություն է արել, արտահայտել է մեր քաղաքական թիմի ընդհանուր քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված բոլոր լծակներից և հնարավորություններից: Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծություն է արել և եկել այն եզրակացությանը, որ տվյալ դեպքում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև այդպիսի հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, թե այդ վերլուծությունն էլ ինքն ուղարկել է Արդարադատության նախարարություն՝ իրավական վերլուծության:

«Այնտեղից ինձ ուղարկել են գրավոր տեղեկանք՝ ասելով, որ Երևանի ավագանու հիմնավորումներն իրավական և ճշգրիտ են, որովհետև եթե ՏԻՄ-ին տվել է լիազորություն, չենք կարող դրանք խլել, մանավանդ՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կարող է ձևավորվել ԱԺ լիազորություններին վերաբերող հարցերով: Այդ իրավիճակում մենք երկու ինֆորմացիան էլ ընդունել ենք ի գիտություն, և քաղաքական որոշումն այն է եղել, որ մենք պետք է գնանք իրավական ճանապարհով»,-հավելեց Փաշինյանը:

Բադալյանը նշեց, որ կարձագանքի որպես Երևանի ավագանու նախկին անդամ՝ հարցնելով, թե արդյո՞ք թերահավատություն չենք արտահայտում Երևանի ավագանու նկատմամբ, և իմաստ ունի՞ խառնել այս երկու ուղղությունները։

«Այստեղ նույնիսկ վստահության կամ անվստահության հարց չկա, գոյություն ունի իշխանության տարանջատման հստակ սկզբունք, և ժամանակակից ժողովրդավարությունները հիմնված են իշխանության տարանջատման սկզբունքի վրա: Եթե դա խախտենք, կխախտենք ընդհանրապես պետական կառավարման համակարգը և դրա արդյունավետությունը»,-պատասխանեց վարչապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ