fbpx
ՏՏ

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Silicon Mountains» համաժողովը

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որը նվիրված էր դեկտեմբերի 4-5-ը Երևանում կայանալիք «Silicon Mountains» համաժողովին, որն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության և ՏՀՏ գործատուների միության հետ համատեղ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ։

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, նշել է, որ «Silicon Mountains»-ը նվիրված է ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին։ Նա տեղեկացրել է, որ համաժողովում կշոշափվեն արհեստական բանականության, իրերի ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների, տնտեսությունում դրանց կիրառելիության հետ կապված հարցեր։

Նախարարի տեղակալը միջոցառման անցկացումը հատկանշական է համարել նաև նրանով, որ այն ունի պատվավոր հյուր՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, դոկտոր Տակեո Կանադեն։

«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ «Silicon Mountains»-ի հովանու ներքո ակնկալվում է բացահայտել ՏՀՏ հատվածում Հայաստանի ներուժը՝ գտնելով համագործակցության հեռանկարային ոլորտներ, ինտեգրելով մեր հմտություններն ու բացառիկ ունակությունները: Այս ամենի նպատակը նորարարությունների խրախուսումն է, տեխնոլոգիական առաջադիմությունը, նպատակների միասնաբար իրագործումը։

ՏՀՏ գործադիրների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներկաներին տեղեկացրել է,որ պատահական չի ընտրվել համաժողովի անվանումը «Silicon Mountains»՝ Սիլիկոնյան սարեր, այն ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի տեսլականն ու նպատակները։ Նրա խոսքով՝ միջոցառումը հնարավորություն կտա ևս մեկ անգամ Հայաստանը նշելու տեխնոլոգիական քարտեզի վրա, աշխարհին ներկայանալով ոչ միայն որպես ՏՀՏ լուծումներ կիրառող, այլև այդ լուծումներն արտահանող երկիր։

ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանն էլ ընդգծել է, որ համաժողովը Հայաստանի և տնտեսության տարբեր ճյուղերում գործող հայկական ընկերությունների համար յուրահատուկ նախապատրաստություն է 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը։

Ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացվեցին նաև, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու համաժողովի երկու օրերի ընթացքում։

Նշվել է, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի բիզնես համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափերին, ուսանողներին կներկայացնեն և կքննարկեն առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։

Նախատեսվում են քննարկումներ կիբեռանվտանգության, արհեստական բանականության, իրերի համացանցի, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների շուրջ։

Դեկտեմբերի 5-ին կայանալիք B2B հանդիպումները ուղղված կլինեն ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ