fbpx
Հասարակություն

Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը

Երևանի քաղաքապետարանի այսօրվա` ապրիլի 28-ի նիստում որոշում կայացվեց Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:

Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը. Երևանի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Մահաթմա Գանդիի արձանը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու համար»:

Այս հարցը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ նշելով, որ արձանի տեղափոխման և տեղադրման բոլոր ծախսերը պատրաստակամ է կրել հնդկական կողմը:

«Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները»,-ասվում է որոշման հիմնավորման մեջ:

Հայտնենք, որ Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ