fbpx
Մշակույթ

Երևանում ներկայացվեց «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ստեղծման պատմությունը

«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա: Ֆիլմի 65 հազար կադրից յուրաքանչյուրը ձեռքով նկարել է 115 պրոֆեսիոնալ գեղանկարիչ ամբողջ Եվրոպայից:

Ֆիլմի համառեժիսոր Հյու Վելչմանը «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին հանդիպեց արվեստասերների հետ ու պատմեց ինքնատիպ գեղարվեստական ֆիլմի մասին:

«Ֆիլմի համահեղինակ Դորոթա Քոբիելան ի սկզբանե չի ցանկացել նկարահանել մի բան, որը բացառիկ է: 15 տարեկանում նրան շատ են տպավորել Վան Գոգի նամակները: Հետագայում այցելել է մեծ նկարչի թանգարան ու ծանոթացել հեղինակի յուրահատուկ նկարչական ձեռագրին: Երբ հստակ որոշել է անիմացիոն ֆիլմ նկարահանել, ցանկացել է ժապավենով ներկայացնել Վան Գոգի պատմությունը»,- պատմեց Հյու Վելչմանը:

Նա ընդգծեց՝ երբ հանդիպել է Դորոթային, սիրահարվել է ոչ միայն նրան, այլև նրա նախագծին: «Դա զարմանալի մտահղացում էր: Մենք հասկացանք, որ եթե միայն երկուսով աշխատենք ֆիլմի վրա, դա ութսուն տարի կտևի: Համագործակցելով բազմաթիվ նկարիչների հետ՝ տասը տարում հասանք արդյունքի: Պետք է խոստովանեմ, որ մինչ Դորոթային հանդիպելը շատ բան չգիտեի Վան Գոգի մասին, բայց նրա գրասեղանին գտնելով մի շարք գրքեր՝ սկսեցի կարդալ բոլորը: Ինչպես Դորոթան, այնպես էլ ես հիացած ենք Վան Գոգ նկարիչով և Վան Գոգ մարդ տեսակով»,-ասաց ռեժիսորը:

Անդրադառնալով այն հազարավոր կտավների ճակատագրին, որոնք ծնվել են ֆիլմի նկարահանման համար, նա տեղեկացրեց, որ շատերն են շահագրգռված եղել կտավները ձեռք բերելու գործում: Կինոռեժիսորները սկզբում վաճառել են դրանք, բայց հետո որոշել են ցուցահանդես կազմակերպել և դադարեցրել են ստեղծագործությունների վաճառքը:

«Մենք ցուցահանդեսներ ենք կազմակերպել Հարավային Կորեայում, Ճապոնիայում ինչպես նաև այն թանգարանում, որտեղ պահվում են Վան Գոգի օրիգինալ կտավներից շատերը»,-նշեց ռեժիսորը:
Հյու Վելչմանն ընդգծեց՝ երջանիկ է, որ կարողացել են ստեղծել «Վան Գոգի կրքերը» հետաքրքիր ֆիլմը, որը հուզում և հիացնում է մարդկանց:

Հանդիպմանը ներկաները դիտեցին «Վան Գոգի կրքերը. անհնարին երազանքը» փաստագրական ֆիլմը, որը տասը տարվա ճամփորդություն է, ինչի արդյունքում կինոթատրոնների էկրաններին հայտնվեց ժապավենը: Սկզբում ռեժիսորները որոշել են յոթ րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ նկարահանել, բայց բազմաչարչար աշխատանքի և նվիրումի արդյունքում ծնվել է 94 րոպե տևողությամբ ժապավենը, որը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում:

Աղբյուրը՝ Armenpress.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ