Երևան
12:30 25/12/2019

Երևանում շինհրապարակների կազմակերպման ժամկետային սահմանափակում կլինի

Երևանում, շինհրապարակի կազմակերպման պահանջը գործնականում հանգեցնում է դեպքերի, երբ շինարարությունն սկսելուց ամիսներ առաջ ձևավորվում է շինհրապարակը՝ անհարկի խոչընոտելով երթևեկությանը և հետիոտնային շարժը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ ներկայացնելով այդ հարցը կարգավորող որոշման նախագիծ:

Ըստ դրա՝ առաջարկվում է շինարարական հրապարակի կազմակերպման ժամկետային սահմանափակում, այսինքն թույլ չտալ շինհրապարակի կազմակերպում ավելի վաղ, քան աշխատանքները փաստացի մեկնարկելուց մեկ ամիս առաջ: Նույն սահմանափակումը կկիրառվի նաև հետիոտնի շարժի համար նախատեսված ժամանակավոր անցումների համար, նաև պահանջ դնել, որ այդ անցուղիները ունենան թեքահարթակներ:

«Բացի այդ, երբ շինարարությունը սահմանված ժամկետում չի ավարտվում, այդ դեպքում նշված ժամանակավոր կառույցները մնում են, արդյունքում շենքերի բակերը տարիներով փակ են մնում: Առաջարկվում է, որ շինարարական աշխատանքները ժամկետում չավարտելու դեպքում, Երևանի քաղաքապետն իրավասու կլինի միակողմանի լուծել պայմանագիրը և կառուցապատոողից պահանջել ողջամիտ ժամկետում վերականգնել ընդհանուր օգտագործման մայթը: Քաղաքապետը դա պետք է անի փորձագիտական եզրակացության հիման վրա»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մանրիկյանը հարց ուղղեց, թե ինչպես է լինելու այն դեպքում, երբ բնակիչներից մեկը դատի է տալիս կառուցապատողին և շինարարությունը ժամանակավորապես դադարեցվում է, այդ դեպքում կառուցապատողը պետք է լրացուցիչ ծախսեր անի և վերացնի՞ շինհրապարակը:

Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է ու որոշվել է, որ այդ դեպքերը չեն մտնում այս կարգավորման մեջ:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 51 կողմ ձայներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ