fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող 4-ամյա երեխայի մոտ կավասակիի սինդրոմ է արձանագրվել

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ ունենք սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

«Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:

Հուսամ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

‼️Մյուս բոլորին, թե’ մեծահասակներին, թե’ փոքրերին կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը:

‼️Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:

#ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր»,-ասվում է նախարարի գրառման մեջ:

Հայտնենք, որ կավասակին հազվագյուտ հիվանդություն է, կրում է ճապոնացի բժշկի անունը և առաջին անգամ նկարագրվել է 1967 թ.: Հիվանդության ախտանիշներն են արյան անոթների բորբոքում, ցան, այտուցվածություն, ցավ որովայնի շրջանում, փսխում և շրթունքների չորացում: Այն ազդում է մինչև հինգ տարեկան երեխաների վրա:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1242774069242189

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ