Իրավական

Երիտասարդը դանակահարել է 60-ամյա տղամարդուն, տիրացել նրա մեքենային

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված երիտասարդի և նույն մարզի Նալբանդյան գյուղի 60-ամյա բնակչի միջև՝ երիտասարդի ընկերուհու պարտք-գումարի պատճառով, որը շարունակվել է Արմավիր քաղաքում գտնվող «Կապույտ Կամուրջ» կոչվող վայրում, ուր ուղևորվել են գործով տուժողի ավտոմեքենայով: Ճանապարհին՝ ավտոմեքենայում, վիճաբանությունը կրկին վերսկսվել է, որի ընթացքում երիտասարդը դանակով դիտավորությամբ հարվածել է տղամարդու ականջի շրջանին և պարանոցին:

Հասնելով «Կապույտ Կամուրջ»՝ դուրս են եկել ավտոմեքենայից, որից հետո երիտասարդը շարունակել է ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով միջին ծանրության, առողջության տևական քայքայման հատկանիշով մարմնական վնասվածքներ, այնուհետև, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել է վերջինիս պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենային, հեռացել դեպքի վայրից, ճանապարհին ինքնավթարի ենթարկվել՝ վնասելով ավտոմեքենան և պատճառելով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասով և 183-րդ հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ