fbpx
Քաղաքականություն

Հայաստանը և Նորվեգիան կնպաստեն երկկողմ օրակարգի ընդլայնմանը. Միրզոյան

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև պատմականորեն արմատացած ջերմ կապերը հիմք են ստեղծել երեք տասնամյակների ընթացքում համագործակցության համար:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նորվեգացի հումանիստ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին, որը հայերի համար մարմնավորում է նորվեգացի ժողովրդի հավաքական կերպարը։

Երախտագիտություն հայտնելով COVID-19 համավարակի դեմ պայքարում Նորվեգիայի աննախադեպ աջակցության համար՝ նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել, որ Հայաստանը և Նորվեգիան համատեղ ջանքերով կնպաստեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆելդտը նշել է, որ Հայաստանն ու Նորվեգիան՝ որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ անդամ երկրներ, երկկողմ հարաբերությունները կառուցում են միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների, համընդհանուր արժեքների և սկզբունքների վրա։

Նորվեգիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Նորվեգիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու Հայաստանի հետ համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա՝ ի շահ երկու ժողովուրդների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ