fbpx
Հասարակություն

Երկրի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջուր չունի. ՄԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) համաշխարհային հանրությանը կոչ են արել ավելացնել ներդրումները ջրամատակարարման, սանիտարիայի և հիգիենայի (ՋՍՀ) ծառայությունների զարգացման գործում, որպեսզի ավելի արդյունավետ պայքարեն վարակիչ հիվանդությունների դեմ։ Երեքշաբթի Ժնևում հրապարակված զեկույցում նրանք տագնապով նշում են, որ 2,2 մլրդ մարդ խմելու մաքուր ջրի հասանելիություն չունի, 4,2 մլրդ մարդու հասանելի չեն սանիտարական ծառայությունները, իսկ 3 մլրդ մարդ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից ընտանեկան պայմաններում։

ԱՀԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ը միասին մշտադիտարկում են Հազարամյակի զարգացման նպատակների կատարումը, որոնք վերաբերում են խմելու ջրին և սանիտարիային։ Նրանց զեկույցից, որը պատրաստվել է Մշտադիտարկման համատեղ ծրագրի շրջանակում, երևում է, որ, չնայած ՋՍՀ-ին մարդկության ունիվերսալ հասանելիության հարցում առկա առաջընթացին, դեռևս գոյություն ունեն «բազմաթիվ խնդիրներ տրամադրվող ծառայությունների ոլորտում»։ Զեկույցի համաձայն՝ 2000 թվականից 1,8 մլրդ մարդու հասանելի են դարձել ջրամատակարարման, 2 մլրդ մարդու՝ սանիտարական ծառայությունները։ Միևնույն ժամանակ, գոյություն ունի «մեծ անհավասարություն այդ ծառայությունների առկայության, հասանելիության և որակի հարցերում»։ ՄԱԿ գնահատականներով՝ 785 մլն մարդ չունի ջրամատակարարման բազային ծառայություններից օգտվելու հնարավորություն, նրանցից 144 մլն-ը ստիպված է ջուր խմել գետերից, լճերից ու այլ աղբյուրներից, որոնք վարակազերծման չեն ենթարկված։

Ավելի քան երկու անգամ 2000 թվականից ի վեր 23 տոկոսից 9 տոկոսի է նվազել բնակչության թվաքանակը, որն արտաթորում է դրսում, նշվում է զեկույցում։ 23 երկրներում այս երևույթը ХХI դարում, ըստ էության, հասել է զրոյի։ Այնուամենայնիվ, 673 մլն մարդու համար իրավիճակը մոլորակի վրա մնում է նույնը։ 39 երկրներում նկատվում է բաց արտաթորման աճ 2000 թվականից, հիմնականում Սահարայից հարավ գտնվող երկրներում, որտեղ այս ընթացքում բնակչության թիվն ավելացել է։

Տան պայմաններում օճառով ձեռքերը լվանալու հնարավորություն չունի 3 մլրդ մարդ, նշում են ԱՀԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ը։ Ամենապակաս զարգացած երկրներում այդ հնարավորությունից զրկված է բնակիչների գրեթե երեք քառորդը։ Զեկույցում ասվում է, որ ամեն տարի մինչև 5 տարեկան 297 հազար երեխա մահանում է փորլուծությունից, որը պատշաճ սանիտարիայի և հիգիենայի բացակայության հետևանք է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ