«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում տեղի ունեցած Globe Soccer Awards ավանդական մրցանակաբաշխությունում 21-րդ դարի (2001-2020 թվականների) լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո խոսել է իր երկրպագուների մասին:
Նա խոստովանել է, որ շատ է զգում երկրպագուների բացակայությունը տրիբունաներում:
«Դատարկ ստադիոնում խաղալը ձանձրալի է ինձ համար: Մենք՝ ֆուտբոլիստներս, հարգում ենք արձանագրություն, և առողջությունն ամենակարևորն է, սակայն մեզ դուր չի գալիս այս իրավիճակը: Ես դուրս եմ գալիս խաղադաշտ, քանի որ առաջին հերթին սիրում եմ ֆուտբոլը: Ֆուտբոլը միշտ իմ կիրքն է: Ես խաղում եմ ընտանիքիս, երեխաներիս, ընկերներիս ու երկրպագուների համար: Սակայն ես չեմ սիրում խաղալ դատարկ տրիբունաների ներքո. դա շատ տարօրինակ է»,-ասել է նա:
Ռոնալդուն հավելել է, որ իրեն դուր է գալիս, որ երկրպագուները սուլում են:
«Երբ ես հպվում եմ գնդակին, նրանք սկսում են սուլել, և դա դուր է գալիս ինձ: Հուսով եմ, որ 2021 թվականին կանոնները կփոխվեն, և մենք կտեսնենք լեփ-լեցուն ստադիոններ»:
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից: