fbpx
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ պարտվել է մեկնարկում

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ:

71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: Որակավորման փուլի առաջին մենամարտում Զախարյանի մրցակիցը սլովակ Թեքեքս Միկալն էր:

Հայաստանի ներկայացուցիչը թեև բավականին լավ է մենամարտել, բայց տանուլ է տվել երրորդ ռաունդն ու դուրս մնացել հետագա պայքարից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնաբանել է հայ բռնցքամարտիկների ելույթները. «Առաջին երկու ռաունդում Նարեկը շատ լավ ու գրագետ աշխատելուց հետո երրորդ ռաունդում փոխեց կեցվածքը, ինչից մրցակիցն օգտվեց, իսկ Զախարյանը՝ զգալով, որ պարտվում է, խուճապի մատնվեց: Տակտիկական սխալի արդյունքում պարտվեց: Ինչ վերաբերում է Ջանիկին, ապա հասկանալի է, որ փորձի պակաս կար: Առաջին անգամ էր մենամարտում մեծահասակների պայքարում: Հեշտ չէ միանգամից դուրս գալ մեծ ռինգ և ցույց տալ այն, ինչ կարող ես: Ափսոս, ցավում եմ: Այնպես չէ, որ մրցակիցները շատ ուժեղ էին, ու պարտվեցին: Սպորտ է, այսպես էլ է լինում: Սպասենք մեր մյուս ներկայացուցիչներին»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է, որ մեր ամբողջ հավաքականը շատ լավ մարզավիճակում է, և հույս է հայտնում՝ վերջնական արդյունքները գոհացնող կլինեն. «Մեր ամբողջ թիմը լավ մարզավիճակում է: Ինչպես նշեցի, պարտվեցին նախ վարպետության պակասի, ապա արդեն տակտիկական սխալի արդյունքում: Տղաները հոգնած չեն: Նրանք պարզապես պետք է իրենց ողջ ուժերը թողնեն ռինգում և դուրս գան: Մեր առաջատարներն ու հիմնական հույսերը դեռ չեն մտել պայքարի մեջ: Վստահ եմ՝ վերջնական արդյունքը գոհացուցիչ կլինի»:

Հայաստանն այսօր ևս մեկ ներկայացուցիչ կունենա Եվրոպայի առաջնությունում:

Երեկոյան մրցափուլի ընթացքում ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը՝ ուժերը չափելով մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ