fbpx
Հասարակություն

Ես երկար տարիներ մղձավանջներ էի տեսնում, տեսնում էի Գյումրին. Արմեն Սարգսյան

Գյումրիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է 88-ի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Ինչպես միշտ, միջոցառումները Գյումրիում մեկնարկել են Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով, ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվել է զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ: Հանրապետության նախագահը Գյումրիում միայն 88-ի հիշողություններից չէ, որ խոսել է։ Այսօրվա հիշատակի միջոցառումները վերածննդի ու զարգացման ծրագրերի լավատեսական կանխատեսումներով էին:

Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցին այն վայրն է, որտեղից սկսվում է դեկտեմբերի 7-ի առավոտը գրեթե բոլոր գյումրեցիների համար: Վառվող մոմերն ու աղոթողներն այսօր սովորականից շատ էին: 88-ին միայն Գյումրիում 17 հազար մարդ է զոհվել։

Հոգեհանգստյան պատարագը մատուցվեց բոլոր զոհերի հոգու հանգստության և հարազատների համբերության ու սփոփանքի համար: Պատարագից հետո հիշատակի միջոցառումների շարունակությունը ավանդաբար Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է, որտեղ էլ շարժվեց նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Հոգեհանգստի կարգ կատարվեց նաև այստեղ գտնվող հուշարձանի մոտ։

«Անմեղ զոհերին և բարեգութ սրտերին» , այսպես է կոչվում Ֆրիդ Սողոյանի հեղինակած քանդակը, որը հավերժացրել է նաև բոլոր նրանց, ովքեր այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին աղետյալ քաղաքին: Նրանց ու քաղաքի բոլոր բնակիչների տոկունության շնորհիվ Գյումրին հաղթեց աղետին:

Հուշարձանին նախագահ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ դրեց: Իսկ արդեն լրագրողների հետ զրույցը անցած 31 տարիների ընթացքում արվածի ու չարվածի մասին էր: Ինչու Գյումրիի և աղետի գոտու բոլոր մյուս քաղաքների զարգացումն այսքան ձգձգվեց: Արմեն Սարգսյանն այստեղ միայն պետական կառավարման համակարգի մեղավորությունը չէ, որ տեսնում է:

«Սա քաղաք է, որը հոգի է ունեցել: Ոչ թե հոգի է ունեցել 30 տարի առաջ, այլ հոգի է ունեցել դարերով: Այդ հոգին, կարծես, սառել էր: Զբաղված լինելով Ղարաբաղի ու անկախության հարցերով՝ գուցե մեղավոր ենք բոլորս, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ և սեր չենք դրել Գյումրիում: Պատմության բոլոր պահերին այն մարդիկ, որոնք սխալ են գործել, ոչ թե իրենց անձի առաջ, այլև իրենց ընտանիքի, հանրության, քաղաքի առաջ, պետք է պատասխան տան»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը հիշեց երկրաշարժից հետո իր առաջին այցը Գյումրի վարչապետի պաշտոնում: Իր այցը խոնավ ու ցուրտ տնակ: Անկեղծացավ, այդ օրվանից հետո ամեն օր է մտածել Գյումրիի զարգացման մասի: Հիմա Գյումրիի հանդեպ վերաբերմունքը և հնարավորությունները փոխվել են:

«Երբ, որ Գյումրի եկա, որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, երկար տարիներ մոռացված մարդիկ էին: Սարսափելի էր, թե ինչպես ու որտեղ էին ապրում: Ճիշտն ասած, ես պատրաստ էի ցանկացած վերաբերմունքի ու խոսքի, բայց եղավ ճիշտ հակառակը՝ ինձ հրավիրեցին տնակ, ոչ թե բողոքելու, այլ հյուրասիրելու: Մարդիկ իրենց վերջին ունեցածը կիսեցին ինձ հետ: Այսօր կարող եմ ասել բոլոր գյումրեցիներին, որ ես երկար տարիներ մղձավանջներ էի տեսնում, տեսնում էի Գյումրին: Ժամանակը եկել է, որպեսզի բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը և Սպիտակն ու Վանաձորը և կյանք ու ուրախություն  բերենք բոլորիս»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Գյումրեցիները պետք է փոխհատուցվեն իրենց համբերատարության համար: Սա շեշտադրեց Արմեն Սարգսյանը: Քաղաքի զարգացումը նաև աշխատանքն է ապահովելու: Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը խոսեց գյումրեցի գործարար կանանց հետ հանդիպմանը: Ասիական զարգացման բանկը փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող կանանց համար դասընթացներ է անցկացնում: Գյումրին ծրագրում ներկայացնում են 55 գործարար կանայք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ