fbpx
Հասարակություն

«Ես հրաժարական չեմ տա». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականի փոխարեն հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության դեմ իրավական գործընթաց սկսելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեկտոր Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա չի պատրաստվում հրաժարական տալ, հաշվի առնելով համալսարանում չարաշահումների հետ կապված հայտարարությունները, նա պատասխանեց. «Ես հրաժարական չեմ տա, որովհետև արդեն հեղինակության խնդիր կա՝ համալսարանի, նրա ղեկավարության և անձամբ իմ: Ես գնալու եմ մինչև վերջ»,- ասաց Սիմոնյանը:

Ռեկտորը կարծում է, որ այժմ էլ վայելում է ուսանողների և դասախոսների գերակշիռ մասի աջակցությունը: « Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, այն էլ այն դեպքում, եթե ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները պատշաճ մակարդակով, որը այս տարիների ընթացքում բացառում եմ, որովհետև ես աշխատել եմ խղճի թելադրանքով և հօգուտ պետական համալսարանի»,- նշեց ռեկտորը:

Անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններին՝ Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ն ավանեց «հանիրավի թիրախ», մեղադրելով ծառայությանը օրենքը խախտելու մեջ․ «Հիմնականն այն է, որ ստուգումները դեռ չավարտված, ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ, բացարձակ չհիմնավորված խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին: Մենք իրավական գնահատականի պահանջով դատի ենք տալու ծառայությանը՝ մեր բարի համբավը վերականգնելու նպատակով»,-նշեց նա:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ժամեր առաջ գրառում էր կատարել «Ֆեյսբուք»-ում, որտեղ նշել էր, որ Երևանի պետական համալսարանում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։ Ըստ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նախնական գնահատականի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ «Հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,- գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ