Համայնքն ունի համայնքային ծառայություններ մատուցելու լիազորություններ, և այդ նվերների դիմաց համայնքը կարող է X քաղաքացուն տալ ծառայություններ, իսկ Y քաղաքացուն չտալ կամ գցել բյուրոկրատական քաշքշուկների մեջ, որովհետև այդ Y քաղաքացին չի ունեցել նվեր տալու փող կամ չի ցանկացել նվեր տալ: Պետք է ստեղծել մրցակցային դաշտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Հիշեցնենք, որ «Լուսավո Հայաստանը» օրինագիծ է ներկայացրել, որով կարգավորվում է նվիրատվությունների և նվիրաբերությունների մասին գործընթացը:
«Եթե նվերը մեկ միլիոն դրամից ավելի արժեք ունի, դա կարող է համայնքի համար ստեղծել պարտավորություններ»,-ասաց Սամսոնյանը:
Նա նշեց, որ նախկինում եղել է պրակտիկա, որ ավագանին հաստատել է նվիրատվությունները, բայց քանի որ վերջին նվիրատվությունների դեպքում դա արվել է առանց ավագանու, հիմա ինքը բերել է նախագիծ, որ պրակտիկայում օգտագործածը կարգավորվի նաև օրենսդրական նորմերով, որ շահարկումների տեղիք չտա:
«Բարեգործի համար կարող է լինել մեկ պատճառ, որպեսզի չհրապարակվի իր անունը: Եթե կա բարեգործ, որ ուզում է համայնքին նվեր անել, դա պետք է կարգավորվի օրենքով: Դրանից հետո ինքը թող որոշի՝ անո՞ւմ է բարեգործություն, թե ոչ: Մենք սա կարգավորում ենք, որպեսզի կոռուպցիան ռիսկերը կանխարգելենք:
Դուք տեսաք, թե ինչ կատարվեց Երևանի քաղաքապետարանում, երբ մենք պոստ ֆակտում իրավիճակում հայտնվեցինք, և դա եղավ այն պատճառով, որ ավագանին տեղյակ չէր այդ բարեգործություններից: Հիմա մենք ասում ենք՝ եկեք ավագանուն օրենքով պաշտպանենք, որ ինքն այդ գործառույթը իրականացնի:
Մեր գործընկերները դեմ ելույթներ են ունենում, տեխնիկական հարցեր են առաջ քաշում: Ես պատրաստ եմ ընդունել բոլորի առաջարկները, բայց տպավորություն է, որ ինչ-որ խնդիր կա, քաղաքական որոշում կա և նրանք չեն ուզում ընդունել նախագիծը»,-ասաց Սամսոնյանը: