fbpx
Կառավարություն
18:00 29/10/2019

Եթե պարոն Մարուքյանը իմ սիրելիների պարգևատրումների մասին գիտի, կարող է ներկայացնի․ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր հարցրեցինք՝ դուք էլ եք վարչապետի գաղտնի հանձնարարականով ձեր տեղակալների հետ ճոխ պարգևավճարներ ստացել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ որոշ նախարարներ ստացել են, որոշները՝ ոչ:

Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Այն գումարները, որ նշվել է և մեկնաբանվել վարչապետի կողմից, իհարկե, վերաբերվում է ինչպես ինձ, այնպես էլ բոլոր նախարարներին և փոխնախարարներին: Արդեն պարզ է ամեն ինչ: Բոլոր նախարարները, եթե չեմ սխալվում, մայիս ամսից ստացել են»:

Aravot-ի հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախարարությունների աշխատակիցները, այդ թվում ձեր նախարարության անունն էլ տվեց, իրեն գաղտնի նամակներ են ուղարկում ֆեյսբուքով ու բողոքում, որ այդ պարգևատրումներն արդարացի սկզբունքով չեն բաշխվել, նախարարները իրենց յուրայիններին, սիրելիներին են բաժանել, դուք ինչպե՞ս կպարզաբանեք՝ Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ, եթե պարոն Մարուքյանը իմ սիրելիների պարգևատրումների մասին գիտի, կարող է ներկայացնի: Ես կարող եմ ներկայացնել ինչպես է իրականացվում պարգևատրումը, յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ամեն ամիս ներկայացնում է այն աշխատակիցների ցանկը, որոնք իրականացրել են որևէ աշխատանք, որն առավել է, քան իրենց աշխատանքը: Այսինքն, ամենօրյա իրենց աշխատանքի համար լրացուցիչ պարգևատրումներ չեն ստանում, քանի որ դրա համար պետությունն արդեն իրենց վարձատրում է: Լրացուցիչ յուրաքանչուր ստորաբաժանման կողմից ներկայացված ցանկով, գործակիցներով պարգևատրումների գործընթացն իրականացվում է, իսկ ստորաբաժանումների ղեկավարների պարգևատրումը կրկին այդ սկզբունքով իրականացվում է նախարարության ղեկավար անձնակազմի կողմից: Ամեն անգամ ներկայացվում են այն հատուկ առաջադրանքները, որոնք իրականացվել են և վարձատրումն իրականացվում է: Իհարկե, կան աշխատակիցներ, որոնք չեն պարգևատրվում, և ես բացարձակապես չեմ բացառում, որ այդ աշխատակիցները պետք է լինեն դժգոհ: Բայց պարգևատրվելու և չպարգևատրվելու մեջ մի խնդիր կա՝ երբ նմանատիպ հաստիքով երկու աշխատակից, որոնցից մեկը օր ու գիշեր աշխատում է և աշխատում է արդյունավետությամբ, ստանում է մոտավորապես նույն վարձատրությունը և կողքի աշխատողը չի աշխատում բավարար ջանասիրությամբ, դա նաև աշխատակիցների մոտիվացիայի վրա է ազդում»:

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջիկա կառավարության նիստում ներկայացնելու են նախարարության կառուցվածքի փոփոխությունը և մտադիր են էական կրճատումներ անել նախարարությունում:

Թե նախարարը ո՞նց է որոշել, որ ինքը լավ է աշխատում ու ինքն իրեն պարգևատրել է, Էրիկ Գրիգորյանն իր բացատրությունն ունի՝ վերջին շրջանում տուն է գնում գիշերը 11-ից ոչ շուտ. «Աշխատում եմ նաև շաբաթ օրերը»: Հարցին՝ բայց արդյունք կա՞, ուշ գնան ի՞նչ կապ ունի պարգևատրման արժանի լինելու հետ՝ նախարարը պատասխանեց, որ արդյունավետության առումով աշխատանքը գնահատում է հասարակությունը և կառավարությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ