Եթովպական ավիաընկերության կործանված ինքնաթիռում գտնված 157 հոգին 35 տարբեր երկրների ներկայացուցիչներ էին, այդ թվում՝ քենիացիներ, կանադացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ, ամերիկացիներ, ռուսներ:
ՄԱԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ նրանցից 19-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ էին, որոնք ուղևորվում էին Նայրոբի`մասնակցելու բնապահպանության հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովին:
Ադիս Աբեբայում և Նայրոբիում տեղակայված են ՄԱԿ-ի մի շարք գրասենյակներ:
Հիշեցնենք, որ երեկ՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:44-ին, Ադիս Աբեբայից Նայրոբի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց դադարել էր կապի դուրս գալ: Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր` 157 անձինք:
Boeing ընկերությունն այս վթարից հետո հայտնվել է հարցերի կիզակետում. հոկտեմբերին Boeing 737 MAX 8 մոդելի ինքնաթիռ էր կործանվել նաև Ինդոնեզիայում՝ դառնալով 189 մարդու մահվան պատճառ: