Եվրախորհրդանում նախօրեին քննարկվել են Եվրամիություն-Հայաստան և Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները։ Քննարկումը ընդհանուր մեկ ժամ է տևել, յուրաքանչյուրին կես ժամ է հատկացվել։ Օրակարգում որևէ փաստաթղթի՝ հայտարարության կամ բանաձևի ընդունում երեկ նախատեսված չէր։
Հայաստանի հարցով զեկուցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) անդամ, Բուլղարիայից պատգամավոր Անդրեյ Կովաչևը, բացելով քննարկումը, հայտնել է, որ զեկույցի նախագիծ է պատրաստել, որը քվեարկության կդրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Նա ասել է, որ զեկույցի նախագծում ընդգրկված է նաև Լաչինի ճանապարհի հարցը, այն արտահայտելու է Հայաստանի հետ կենսական կապի շրջափակման հետևանքով Ղարաբաղում խորացող ճգնաժամը։
«Ես Ադրբեջանին հորդորում եմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ապահովելու մարդկանց և բեռնափոխադրումների երկու ուղղություններով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է նա, նշելով, որ անցած փետրվարին այդ մասին որոշում է ընդունել Արդարադատության միջազգային դատարանը։
Եվրախորհրդարանի քննարկումներում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը։
«Մենք չենք կարող Ռուսաստանը դիտարկել որպես արդար միջամտող, այլ միայն որպես ռեժիմ, որը ցանկանում է որքան հնարավոր է երկար պահել և խորացնել Հայաստանի կախվածությունը իրենից։ Զեկույցում մենք Հայաստանին կոչ ենք անում դիվերսիֆիկացնել իր անվտանգային գործընկերությունը։ Պուտինի ռեժիմը ցույց տվեց, որ չի կարող հավատարիմ գործընկեր լինել»,-հայտարարել է Անդրեյ Կովաչևը։
Նա ողջունել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և Եվրամիության ներգրավվածությունը լիարժեքորեն օգտագործելու նպատակով Ադրբեջանին հորդորել է թույլատրել Եվրամիության առաքելության մուտքը նաև իր սահմանից ներս։
Հայաստանի հարցով զեկուցողը, ԵԺԿ-ից պատգամավորն ընդգծել է, որ միջազգային երաշխիքները երկու երկրների միջև վստահության կառուցման կարևոր քայլ, առանցքային տարր կլինի Ղարաբաղում ապրող հայերի ապագայի համար։
Գերմանիայից պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը ասել է, որ հայերը հիանալի հասկանում են, որ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը ծառայում է միայն Ռուսաստանին։
«Պուտինը հետաքրքրված չէ, որ Կովկասում խաղաղություն լինի։ Նրա միակ ցանկությունը ռազմական ներկայությունն է Հայաստանում և Ադրբեջանում», – ընդգծել է նա։
Հունգարացի իրավաբան և դիվանագետ, հարևանության և ընդլայնման հարցերով Հունգարիայի հանձնակատար Օլիվեր Վարհելյը ասել է, որ մարտի 5-ին տեղի ունեցած մահաբեր միջադեպը ցույց տվեց, որ տարածաշրջանում իրավիճակը փխրուն է։
Սլովակիայից պատգամավոր Ռոբերտ Հայշլը հիշեցրել է. – «Մի քանի անգամ մենք դատապարտել ենք Ադրբեջանի լյնածավալ ագրեսիան հայ ժողովրդի դեմ»։
Նա հակամարտ երկու կողմերին, հատկապես Ադրբեջանին կոչ է արել հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը և կողմերին կոչ է արել առանց ձգձգելու գնալ բանակցությունների՝ կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Նա ողջունել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը և նշել․ – «Հուսով եմ՝ Եվրամիությունը, այլ ոչ թե Թուրքիան, Ռուսաստանը կամ Իրանը գալիք տարիներին ավելի ակտիվ դեր կխաղա տարածաշրջանում, և մենք կարող ենք շարունակել խորացնել մեր կառուցողական համագործակցությունը»։