Եվրոպահայ փոքրիկ չեմպիոնները. նվաճումներ և դժվարություններ

Հրապարակող՝

zarif

Ամենադիտվածներ

Azat.tv-ին խոսել է Գերմանիայում, Նիդեռլանդներում և Ֆրանսիայում ապրող հայ պատանիների հետ, ովքեր՝ չնայած իրենց տարիքի, արդեն սպորտային հաջողությունների են հասել և ճանաչում ձեռքբերել այդ երկրներում: Իսկ ոլորտի մասնագետներն ու մարզիչներն արդեն իսկ իրենց փայլուն սպորտային կարիերա են կանխատեսում:

Նիդեռլադներ. Ստեփան Վարդանյան (11 տարեկան)

Իր առաջին հաղթական գավաթը ձյուդոիստ Ստեփանը ստացել է դեռ 2015 թվականի մարտին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի շուրջ 10 ակումբների միջև տեղի ունեցող հեղինակավոր մրցաշարում, որից հետո հաջորդել են միջազգային տարբեր մրցաշարերի փայլուն հաղթանակները: Վերջին կարևորագույն ձեռքբերումներից է 2019 թվականի նոյեմբերին Նիդեռլանդներում 13 երկրների միջև կայացած միջազգային մրցաշարում 2-րդ տեղ զբաղեցնելը:

«Ձյուդո սպորտաձև շատ տարածված է Նիդեռլանդներում, այստեղ կա մարզիչների հիանալի դպրոց, ամեն քաղաքում կան բազմաթիվ ակումբներ: Ելնելով այս ամենից՝ միջազգային շատ մրցաշարներ տեղի են ունենում հենց մեզ մոտ»,- մեզ հետ զրույցում պատմեց պատանի սպորտսմենը՝ տեղեկացնելով, որ այս տարի պատրաստվում է մասնակցել մինչև 14 տարեկանների ազգային մրցաշարին և իր ուժերը փորձել իրենից տարիքով մարզիկների հետ: Նա խոստովանեց նաև, որ երբեմն մրցավարների կողմից նկատվում է կողմնակալ վերաբերմունք «ոչ տեղացիների» նկատմամբ. օրինակ նոյեմբերյան մրցաշարին իր հաղթանակն ակնհայտ էր, սակայն մրցավարական աճպարարությունից հետո, ըստ Ստեփանի, հաղթական առաջին տեղը տրվեց հոլանդացուն:

Չնայած նման դժվարություններին՝ Ստեփանի նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն ու Հայաստանի դրոշը պատվով բարձրացնելն է:

Բացի այդ, նա լավ սովորում է, սիրած առարակներից է մաթեմատիկան, իսկ սպորտն օգնում է իրեն լինել ավելի կարգապահ և համառ: Նա անկեղծացավ, որ սերը սպորտի նկատմամբ իր մեջ սերմանել է հայրիկը, ով հիմա էլ ամեն անգամ պատրաստ է 60կմ ավտոմեքենա վարել իրեն պարապմունքի հասցնելու և պարապմունքից վերցնելու համար: Ստեփանը խորհուրդ է տալիս բոլոր պատանիներին իրենց ազատ ժամանակը տրամադրել սպորտին, ինչը, ըստ նրա, ապագայի համար լավագույն ներդրումն է:

Ֆրանսիա. Դավիթ Մեսրոպյան (9 տարեկան)

2019 թվականին Ֆրանսիայի Լէ Մանս քաղաքի փոքրիկ հայ սպորտսմենը 9 տարեկանում արդեն կարողացել է դառնալ քաղաքի թե՛ չախմատի, թե՛ թայլանդական բռնցքամարտի չեմպիոն: Նույն թվականին նա արժանացել է նաև երկրամասի բռնցքամարտի չեմպիոնի տիտղոսին:

 

«Մարզվում եմ 2020 թվականի մայիսին տեղի ունենալիք Ֆրանսիայի ազգային առաջնությանը հաղթանակ տանելու համար: Մինչև հիմա հաղթել եմ շատ մրցաշարերում, ունեմ բազմաթիվ գավաթներ և մեդալներ»,- պատմեց Դավիթը՝ վստահեցնելով, որ կանգ չի առնելու և շարունակելու է մարզվել մինչև չդառնա բռնցքամարտի աշխարհի չեմպիոն: Չնայած փոքրիկ Դավիթը ծնվել է Ֆրանսիայում, բայց նրա համար կարևոր է, որ հետագայում հանդես գա Հայաստանի դրոշի ներքո և բարձր պահի իր հայրենիքի պատիվը: Խոսելով շախմատի և բռնցքամարտի համատեղելիության մասին՝ նա վստահեցրեց, որ իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է սպորտին և կարողանում է երկու մարզաձև բարեհաջող համատեղել: Բացի այդ՝ սիրում է մաթեմատիկա առարկան և խորհուրդ է տալիս իր տարեկիցներին սպորտով զբաղվել և ուժեղանալ:

Գերմանիա. Ջորջ Թովմասյան (9 տարեկան)

Ներքին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքի միակ հայ ընտանիքի զավակ Ջորջը հասցրել է արդեն ֆուտբոլում հաջողություններ գրանցել: Նրան հաջողվել է, հաղթահարելով մեծ մրցակցությունը, հայտնվել VfL Germania Leer հիմնական կազմի մեջ և հանդես գալ արտագնա խաղերում: Փոքրիկ Ձորջը օրը մի քանի ժամ տրամադրում է ֆուտբոլի պարապմունքներին, իսկ պարապմունքից հետո էլ դիտում է ֆուտբոլային խաղեր և ֆուտբոլի մասին վերլուծական հաղորդումներ: Նրա մարզիչները նրան ֆուտբոլում մեծ ապագա են կանխատեսում, ինչը անակնկալ էր եղել անգամ իր ծնողների համար: Քանի որ իրենց զավակի՝ ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրվածությունը ընկալել են որպես նախասիրություն և ոչ ավելին:

իսկ ինքը, Ջորջը շատ լուրջ է տրամադրված և ուզում է հայտնվել Բարսելոնա ակումբում և միևնույն ժամանակ ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը: Նրա սիրելի ֆուտբոլիստը Մեսինն է, իսկ հայազգի աշխարհահռչակ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ ունի հատուկ վերաբերմունք:

«Երբ Մխիթարյանը գերմանական Դորտմունդ ակումբից տեղափոխվեց Անգլիա, շատ էի տխրել, չէ՞ որ նա այստեղ մեր հայրենիքին էր ներկայացնում և մենք հպարտանում էին, որ ունենք նման ֆուտբոլիստ»,- ասաց գերմանաբնակ փոքրիկ ռմբարկուն:

Խոսելով դժվարությունների մասին՝ նա վստահեցրեց, որ իր թիմի պարտություններն իրեն չեն վհատեցնում, քանի որ մեկ պարտությանը հետևում են մի քանի փայլուն հաղթանակներ: Դրա համար էլ փոքրիկ ֆուտբոլիստներին խորհուրդ է տալիս երբեք չընկճվել դժվարություններից և ողջ ուժերը կենտրոնացնել միայն լավ պարապելու վրա:

Զրուցեց Անուշ Լալայանը

Ամենաթարմ