«Դինամո» ստադիոնում հունիսի 30-ին տեղի ունեցավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված 2-րդ Եվրոպական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
Սկզբում վավերագրական ֆիլմում պատմեցին Եվրոպական խաղերի անցկացման մասին, մարզիկները նկարագրեցին իրենց տպավորությունները, ինչից հետո սկսվեց Եվրոպական խաղերի փակման հետհաշվարկը։
Այնուհետև հնչեց Բելառուսի հիմնը, անցկացվեց մարզիկների և դրոշների շքերթը։ Ներկայացվեց 7 մասից բաղկացած բեմականացված ներկայացում, որից հետո իջեցվեցին Եվրոպական օլիմպիական կոմիտեների և Բելառուսի դրոշները։
Այնուհետև պաշտոնական խոսքով հանդես եկան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանես Կոչիյանչիչը։
Փակման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փակման արարողության վերջում մարեց Եվրոպական խաղերի կրակը։
Եվ ինչպես ասվում էր Եվրոպական խաղերի փակման պաշտոնական կարգախոսում՝ «Այստեղ և հիմա»։
Հիշեք այս պահը, քանի որ այն երբեք չի կրկնվի։
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում:
Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):
Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) և մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):
Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) և բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:
Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձևերում:
Եվրոպական խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ 50 երկրներից: Վիճարկվեց մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձևերում:
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։