fbpx
Սպորտ

Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը կարող է առանց օլիմպիական ուղեգրի մնալ անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով

Ես ներկայացնում եմ Հայաստանը, բայց հայկական անձնագրի հետ կապված խնդիրներն այդպես էլ չեն լուծվում, ինչի պատճառով դժվարություններ եմ ունենում միջազգային մրցաշարերի մեկնելիս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Հայաստանի առաջատար ձյուդոիստը փետրարի 9-10-ը Փարիզում կայացած վարկանիշային մրցաշարումչնայած մեդալ չէր նվաճել, բայց հավաքել է վարկանիշային միավորներ և IJF-ի դասակարգման աղյուսակում ամրապնդվել 14-րդ տեղում:

Ֆերդինանդ Կարապետյանն ունի Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր ապահովելու լավ շանսեր: Նախաօլիմպիական տարում մարզիկը պետք է մասնակցի հնարավորինս շատ մրցաշարերի, որպեսզի պահպանի իր դիրքը լավագույնների շարքում:

Հայաստանի ներկայացուցիչը չի անհանգստանում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հարցում. մարզիկի խնդիրն այլ է՝ ունենալ հայկական անձնագիր, որը թույլ կտա առանց որևէ խնդրի մասնակցել միջազգային մրցաշարերի:

Փարիզից հայ ձյուդոիստները Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ մեկնել են Գերմանիայի Համբուրգ քաղաք, որտեղ մասնակցում են 10-օրյա հավաքի: Գերմանիայում նրանք կմասնակցեն Դյուսելդորֆում փետրվարի 22-ին մեկնարկող վարկանիշային մրցաշարին, իսկ փետրվարի 25-ին կվերադառնան Երևան

Ֆերդինանդ, Փարիզի մրցաշարում պարտություն կրեցիր 3 հաղթանակներից հետո: Ի՞նչը խանգարեց:

Չգիտեմ՝ այդպես ստացվեց: Փարիզի «Գրան պրին» շատ կարևոր մրցաշար էր՝ հավասարազոր աշխարհի առաջնությանը: Մրցաշարը վարկանիշային էր, և աշխարհի ուժեագույն ձյուդոիստներն էին պայքարի դուրս եկել: Անցկացրեցի 5 գոտեմարտ: Պայքարը սկսեցի 1/32 եզրափակիչից, որտեղ մաքուր հաղթանակ տարա ադրբեջանցի Ռուֆատ Մամադովի նկատմամբ: Հաջորդաբար կրկին մաքուր հաղթանակներով անցկացրի 1/16 և 1/8 եզրափակիչները, որտեղ հանդիպեցի ճապոնացի Արատա Տացուկավային և ղազախ Ալիբեկ Սերիկին:

Քառորդ եզրափակչում մրցակիցս 2018 թվականի Փարիզի «Գրան պրիի» հաղթող, Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գյակովն էր: Մինչև վերջ հավասար պայքար գնաց և ավելացված ժամանակում պարտվեցի: Ինձ շատ լավ էի զգում, ամեն ինչ լավ էր գնում, բայց, վերջում ինչ-որ բան բաց թողեցի և պարտվեցի:

Հնարավորություն ունեի նաև մասնակցել բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտի, որում պարտվեցի Լոնդոն-2012 օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Լաշա Շավդաթուաշվիլիին: Նրան պարտվեցի վերջին 30 վայրկանում: Գոտեմարտի սկզբից առավելությունն իմն էր, նա երկու նկատողություն ուներ և նկատողություններով առավելություն ունեի, բայց վերջնամասում վրացուն հաջողվեց հաղթանակ կորզել:

Վաստակեցի ավելի քան 250 վարկանիշային միավոր: Նախ նշեմ, որ բավական երկար ժամանակ դուրս չէի եկել տատամի՝ գրեթե 7 ամիս: Երևի դա էր պատճառը, որ պարտվեցի: Սակայն, երբ վիճակահանությունից հետո իմացա, որ մեկնարկային գոտեմարտիս մրցակիցը ադրբեջանցի է, իմ առջև նպատակ դրեցի, որ պետք է անպայման հաղթեմ՝ հատկապես բաց թողածս աշխարհի առաջնությունից հետո: Պարտվեցի նաև վատառողջ լինելու պատճառով: Մինչև օրս չեմ կազդուրվել, իսկ առջևում ևս մեկ կարևոր վարկանիշային մրցաշար ունեմ Գերմանիայում:

Իսկ ո՞րն էր այդքան երկար ընդմիջման պատճառը:

Պատճառն անձնագրիս հետ կապված խնդիրներն են, որոնք այդպես էլ չեն լուծվում: Ես շուրջ 7 ամիս մրցաշարերի, հավաքների չեմ մասնակցել, քանի որ հայկական անձնագրով չէի կարողանում ստանալ վիզա: Հենց այդ պատճառով էլ ունեցա այսպիսի անկում, այս մրցաշարում էլ պարտվեցի:

Խնդիրը հետևյալն է՝ հայկական անձնագիր ունենալու դեպքում պետք է ծառայես բանակում: Իսկ ես արդեն Ռուսաստանում ծառայել եմ և չեմ ցանկանում ևս երկու տարի կորցնել սպորտում: Երբ ինձ հրավիրեցին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, ես սիրով համաձայնեցի, ինձ ասացին, որ բոլոր հարցերը կլուծվեն, ես քաղաքացիություն կստանամ, ծառայության հարցրերը ևս կլուծվի, որևէ խնդիր չի առաջանա և ես պետք է զբաղվեմ միայն մարզումներով: Բայց, իրականում, ես ավելի մեծ խնդրի առաջ հայտնվեցի: Այդ խոստումները մնացին օդում: Նախնական երեք տարով տարկետում տվեցին և այդպես ես կարողանում էի գնալ մրցաշարերի: Հիմա տարկետման ժամկետն անցել է, և ես իմ անձնագրով չեմ կարողանում երկրից դուրս գալ: Ու այդպես բաց եմ թողել շատ մրցաշարեր:

Բոլորս էլ հասկանում ենք, որ նախաօլիմպիական տարին սկսվել է, և ես պետք է մասնակցեմ մրցաշարերի ու հավաքների, պահպանեմ իմ դիրքը:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս ես մեկնել Փարիզի մրցաշարին:

Ռուսական անձնագրովս: Մրցումներից մի քանի օր առաջ մեկնեցի Մոսկվա, վիզա ստացա և վերադարձա, որպեսզի թիմով մեկնեք: Այլընտրանք չկար, ստիպված այդպես պետք է անեի, որպեսզի մասնակցեի այս երկու վարկանիշային մրցաշարերին: Իսկ այնտեղ ներկայանում եմ որպես Հայաստանի հավաքականի անդամ, կշեռքի ժամանակ էլ հայկական ժամկետնանց անձնագիրս եմ ներկայացնում: Չգիտեմ՝ այս խնդիրները երբ են ավարտվելու կամ կավարտվն, թե՝ ոչ: Եթե անկեղծ՝ ինձ համար արդեն կարևոր չէ թե ինչ կանեն կամ անելու են, թե՝ ոչ իմ փաստաթղթերը: Ես ինչ տեղափոխվել եմ Հայաստանի հավաքական, ծագել են մի շարք խնդիրներ, որոնցից ոչ մեկն էլ չի լուծվել: Առայժմ ռուսական անձնագրումս ունեմ վրա վեց ամսվա վիզա և կմասնակցեմ հավաքների ու մրցաշարերի: Իսկ թե ինչ է լոինելու հետո՝ չգիտեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ