fbpx
Քաղաքականություն

ԵԽ զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումների վերաբերյալ՝ ցավ հայտնելով ադրբեջանական զինուժի սադրանքների հետևանքով զոհված հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և դատապարտելով ադրբեջանական կողմի բորբոքիչ և անպատասխանատու հայտարարությունները ՀՀ տարածքների վերաբերյալ:

Զեկույցում նրանք նշել են, որ սգում են հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական զինուժի հետ բախումների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողի մահը և իրենց խորհին ցավակցությունն են հայտնել զոհվածներին ընտանիքներին։

«Դժբախտաբար, սա ընդամենը մեկն է վերջին ամիսներին միջադեպերի կամ սադրանքների այն շարքից՝ ներառյալ միջպետական սահմանին տեղի ունեցած բռնությունները, որոնք սկսվեցին ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո: Վերջին փոխհրաձգությունը, որ տեղի ունեցավ Նախիջևանի սահմանին, որտեղ մեկ այլ հայ զինվոր սպանվեց, ոչ պակաս անհանգստացնող է: Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն հետևել հրադադարին և խուսափել ցանկացած սադրանքից: Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով: Բոլոր զորքերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ հրադադարի մասին Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան», – նշել են ԵԽ պատգամավորները:

Խորհրդարանի պատվիրակությունը իրադրության կայունացման և լարվածության թուլացման համար ծայրաստիճան կարևորել են, որ անմիջապես դադարեցվի «բորբոքիչ հռետորաբանությունը»։ Նրանք դատապարտել են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքները իբրև ադրբեջանցիների «նախնիների հողեր» ներկայացնելը:

«Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և կարող են էլ ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք հիշեցնում ենք Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու վստահություն կառուցող միջոցառումներին և բոլոր խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն՝ ներառյալ տևական հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը», – ասված է ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության հայտարարության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ