fbpx
Իրավական

Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունց իրեն առաջադրված մեղադրանքը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսայնն այսօր դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արթուր Պիվազյանն ասաց՝ դա նշանակում է, որ դատարանում որևէ ապացույց չի քննվի, որևէ ցուցմունք չի հրապարակվի։

Հարցին, թե ինչո՞ւ է Նարեկ Սարգսյանն ընդունել մեղադրանքը, փաստաբանը չպատասխանեց, ասաց՝ դա մարտավարական հարց է։

Նոյեմբերի 13-ին կալանքից 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված 33-ամյա Նարեկ Սարգսյանը մեղադրվում է գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու և Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահելու համար։

Ըստ մեղադրանքի, դրանք պայուսակների մեջ թաքցնելով` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար, խնդրել է իր մտադրություններից անտեղյակ թիկնապահ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած`Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի բնակարաններից մեկում։

Նույն ժամանակահատվածում, Նարեկ Սարգսյանը, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակով, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ։ Հետագայում դրանք, առանց իրացնելու նպատակով, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար, խնդրել է Արտեմ Պետրոսյանին պայուսակում թաքցված թմրամիջոցները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձկալած` Երևան քաղաքի Արամի փողոցի բնակարաններից մեկում։

Բացի այդ, Սարգսյանը նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ կազմակերպել և ղեկավարել է Արամ Կարապետյանի առևանգումը։

Փաստաբանն ասաց, որ Նարեկ Սարգսյանին սկզբում մեղադրում էին նաև Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելու եղանակով նկարչի շուրջ 280 հազար դոլար արժողությամբ 14 գծանկարները վերցնելու համար։ Նա խոստացել էր դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չէր կատարել և, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել նկարները։ Այս մեղադրանքը Սարգսյանի վրայից հանվել է, ասաց փաստաբան Պիվազյանը։

2018-ի հեղափոխությունից հետո՝ հուլիսին, երբ հարուցվեց քրեական գործը, հայտնի դարձավ, որ պաշտոնաթող նախագահի եղբորորդին հեռացել է Հայաստանից։ Ալեքսանդր Սարգսյանի որդու նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, ամիսներ անց նա հայտնաբերվեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ու ձերբակալվեց:

Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց Չեխիան բավարարեց նախկին նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։

Այս մասին տեղեկանում ենք Ազատությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ