fbpx
Հասարակություն

16 տարեկանում արդեն հղի էի, ստիպում էին տան բոլոր գործերն անել, ու առաջնեկիս կորցրի․ եզդի աղջիկները վաղամուսնության զոհ են դառնում

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացաուցիչներից ամենամեծը եզդիական համայնքն է: ՀՀ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալներով այստեղ 35 հազար 850 եզդի է ապրում:

Հայաստանում եզդիներն ունեն դավանանքի ազատություն, տարբեր հարթակներում ներկայացուցչություն, ազգային ավանդույթների ազատ պահպանում: Եզդիներն այսօր էլ հետևում են իրենց մշակույթին ու սովորույթներին, որոնցից մեկն է վաղամուսնությունը:

Չնայած 2012 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ կանանց և տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միևնույն տարիքը՝ 18 տարեկանը:

Այս օրենքի ընդունումից հետո Հայաստանում եզդիական համայնքի մի շարք ներկայացուցիչներ դեմ արտահայտվեցին` նշելով, որ սա ոտնահարում է իրենց ազգային ավանդույթները:

«Այդ որոշումը դժբախտացնում է եզդի կանանց»,- ասել էր Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։

Այսպիսով` մինչ օրս էլ եզդի աղջիկները ամուսնանում են 15, երբեմն՝ նույնիսկ 12 տարեկանից, ինչի արդյունքում խախտվում է երեխաների կրթություն ստանալու իրավունքը: Հայաստանում Հանրակրթության մասին օրենքով 12-ամյա կրթությունը պարտադիր է հռչակված, սակայն, ինչպես բազմաթիվ դեպքերում, այս օրենքը ևս կյանքի կոչելու համար հետևողականություն է պահանջվում:

Շաքեն (անունը փոխված է) եզդի այն աղջիկներից է, ով ամուսնացել է 15 տարեկանում, ասում է` տղայի ծնողները չհամբերեցին, որ նույնիսկ 16 տարեկանը հայրական տանը նշեր:

«Ես ամուսնացա բոլոր ավանդույթների համաձայն: Հիշում եմ` հարսանիքիս ստիպված էի 2 ժամ կանգնել բոբիկ ոտքերով սառը հատակին, քանի որ նորահարսը հարսանիքի ժամանակ չպետք է նստի կամ խոսի»,- պատմում է Շաքեն:

Պատմում է` փոքր տարիքում երազել է բժշկուհի դառնալ, սակայն իններորդ դասարանն ավարտելուն պես նրան ծնողներն ամուսնացրել են:

Ասում է` ամուսնուն նույնիսկ չի էլ ճանաչել, իրար տեսել են մեկ անգամ հարևանի տղայի հարսանիքին, իսկ մի քանի օր անց եկել են նրան ուզելու:

«Ամուսնուս տունն ինձ համար լրիվ անծանոթ միջավայր էր, ունեի սկեսուր-սկեսրայր, տանը նաև մեծ տատիկ ունեին, ով ինձ օր ու արև չէր տալիս: Ամուսնական կյանքիս հաջորդ առավոտն արդեն իսկ մեծ տատը շերեփը տվեց ձեռքս»,- պատմում է Շաքեն:

Ասում է` սկեսուրի հարցում բախտը բերել է, իրեն աղջկա նման է վերաբերվել, բայց ամուսնու տատը, ինչպես ինքն է ասում, օր ու արև չի տվել, իսկ սկեսուրն էլ տատի վախից հաճախ լռել է: «Ես ու ամուսինս, գրեթե, իրար հետ չէինք շփվում, միայն երբ գիշեր էր գալիս, պետք էր ամուսնական պարտքը կատարել ու վերջ»:

Ամուսնությունից 2 ամիս անց արդեն տատն ու սկեսրայրը շեշտել են, որ թոռ են ուզում: «16 տարեկանում արդեն հղի էի, շատ վատ էի ինձ զգում, չնայած դրան՝ ամուսնուս տատը ստիպում էր տան բոլոր գործերն անել, ձմռան կեսին 4 ամսական հղի էի դույլով ջուր էի կրում»:

Զարմացած հարցնում եմ` իսկ ամուսինը չէր օգնում, ասում է. «Ամուսինս այդ ժամանակ ընկերների հետ կյանքն էր վայելում»:

Շաքեն, արցունքները կոկորդում սեղմելով, ասում է առաջնեկին կորցրել է: Աղջկա տառապանքները շարունակվել են, երբ երեխայի կորցնելուց մի քանի ամիս անց նորից տանը սկսվել են թոռան մասին խոսակցությունները: «18 տարեկանում նոր ունեցա առաջնեկիս, բախտս բերեց` տղա էր: Երկրորդ հղիության ընթացքում արդեն սկսեսուրս չէր թողնում ծանր գործեր անեի, խնամում էր ինձ: Այդ ընթացքում արդեն ամուսնուս հետ էի մտերմացել: Հիշում եմ` նույնիսկ մի անգամ ինձ պաշտպանելու համար տատի հետ կռվեց»,- պատմում է Շաքեն:

«Տղայիս ծնվելուց հետո ամուսնուս տատը մահացավ, մեր ընտանիքում շատ բան փոխվեց: Ամուսինս իմ հանդեպ շատ ջերմ էր դարձել, սկեսուրս էլ սկսել էր իր կյանքը հանգիստ ապրել` արանց վախերի»,- ասում է նա:

Աղջիկն արդեն 22 տարեկան է, հիմա իրենց ընտանիքում շատ բան է փոխվել միմյանց սիրում ու հարգում են, բայց ընդգծում է, երբեք չի մոռանա գլխին եկածը: Ասում է` երբեք չի ցանկանա, որևէ աղջիկ անցնի այն ամենի միջով, ինչի միջով ինքն է անցել: Շաքեն, մեղմ ժպտալով, ընդգծում է, եթե աղջիկ ունենա շուտ չի ամուսնացնելու և անպայման կրթության է տալու:

Վաղաժամ ամուսնություննները առողջական մի շարք խնդիրների պատճառ են դառնում` հատկապես աղջիկների դեպքում: Մանկաբարձ-գինեկոլոգ Անի Երեմյանը մեզ հետ զրույցում նշում է, որ դեռահասության տարիքի առանձնահատկությունն այն է, որ մարդը մտնելով այս փուլ որպես երեխա դուրս է գալիս չափահաս դարձած:

Նրա խոսքով` տվյալ շրջանի տարիքային շրջանակները ընդգրկում են 16-19 տարիքային սահմանները: Այս տարիքին բնորոշ են մի շարք կենսաբանական գործոնների փոփոխությունները, քանի որ այս շրջանում է տեղի ունենում սեռական հասունացումը` երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը:

«Գրականության մեջ բազմաթիվ անգամ նշվել է, որ կանոնավոր սեռական կյանքը մինչև 18 տարեկանը սկսելը խոչընդոտում է ֆիզիկական և հոգեբանական զարգացմանը: Օրգանիզմում էնդոկրին և նյարդային համակարգի համար լուրջ սթրես է: Կան նաև հոգեբանական հետևանքներ, քանի որ երիտասարդ աղջիկները մտնում են հասուն կյանք` ունենալով ներքին բազում կոնֆլիկտներ և խնդիրներ: Նրանք փորձում են կառուցել ներդաշնակ հարաբերություններ չնայած նրան, որ ունեն ներքին բազում խնդիրներ: Ֆիզիոլոգիական և ֆիզիկական հասունությունը դեռ չի ենթադրում հոգեբանական հասունություն»,- ընդգծում է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Երեմյանը:

Գինեկոլոգը շեշտում է, որ վաղաժամ ամուսնության վտանգներից ամենակարևորը վաղ հղիությունն է: «Ֆիզիոլոգիական հասունացումը դեռևս չի նշանակում, որ օրգանիզմը պատրատ է երեխա կրելու և ծննդաբերելու: Որքան ապագա մայրիկի տարիքը փոքր է, այնքան մեծ է բարդությունների առաջացման վտանգը: Հղի պատանի աղջիկը իրավունք ունի և պարտավոր է ստանալ ժամանակին մասնագիտական օգնություն և այլ մարդկանց աջակցությունը: Միայն այս դեպքում հնարավոր է զգալիորեն մեծացնել առողջ երեխա ծնվելու հավանականությունը»,- հավելում է մասնագետը:

Առողջական խնդիրներից զատ վաղաժամ ամուսնությունը առաջացնում է նաև մի շարք հոգեբանական խնդիրներ, որոնք, ըստ մասնագետի, ավելի դժվար են լուծվում, քանի որ թե տղան, թե աղջիկը անչափահաս են, բայց երկուսից ամենախոցելին աղջիկն է։

Հոգեբան Լիլիթ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշում է, որ վաղաժամ ամուսնության արդյունքում աղջկա մոտ առաջանում են տագնապներ, վախեր ինքնահաստատման և վաղաժամ մայրանալու հետ կապված։ «Աղջիկն ինքը դեռ հասունացած ու կայացած չէ, իսկ վաղ մայրանալը նրա համար կրկնակի սթրես է։ Ամուսնության պետք է գնալ միայն այն դեպքում, երբ աղջիկը հասուն է թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական առումով»,- նշում է հոգեբանը:

Հոգեբան Ստեփանյանի խոսքով` եթե իսկապես երիտասարդները ցանկանում են միմյանց և սեր կա, ապա սերը դժվարությունները կհաղթահարի, և ընտանիքը կկայանա, իսկ եթե ոչ` դժվարությունները կարող են շարունակական լինել։

«Առհասարակ աղջիկն ավելի նուրբ է, և ովքեր, որ ամուսնանում են մինչև 18-19 տարեկանը, երկու անգամ ավելի մեծ հավանականություն կա ամուսնու կամ ամուսնու ընտանիքի անդամների կողմից ծեծի կամ սպառնալիքների ենթարկվելու, քան ավելի ուշ ամուսնացած աղջիկները: Առանց հարսնացուի համաձայնության վաղաժամ ամուսնությունը կրթություն ստանալու հիմնական խոչընդոտներից մեկն է: Ամուսնանալիս աղջիկները գրեթե ամբողջությամբ գտնվում են ամուսնու ընտանիքի իշխանության տակ, նրանց սոցիալական պաշտպանվածությունը բացակայում է»,- հավելում է հոգեբանը:

Եզդի աղջիկների վաղաժամ ամուսնության կանխարգելմանն ուղղված կարևոր գործունեություն է իրականացնում «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այժմ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ն մասշտաբային ծրագիր է իրականացնում, որի նպատակն է ռազմավարական այնպիսի փաստաթուղթ մշակել, որն ուղղված կլինի վաղաժամ ամուսնությունների կանխարգելմանը:

ՀԿ-ի ներկայացուցիչ Մուրազ Շամոյանի խոսքով` վաղաժամ ամուսնությունների խնդիրը հնարավոր չէ լուծել մեկ-երկու քայլով: «Խնդիրը ենթադրում է աշխատանք համայնքի երիտասարդների հետ, միաժամանակ, այստեղ նաև պետության կարևոր ֆունկցիան կա, քանի որ պետությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի: Այն կարծրատիպը, թե վաղաժամ ամուսնությունները եզդիների ավանդույթն է, պետական մարմիններին կարող է փակուղի մտցնել, և այն հնարավորություն չի տալիս խնդիրը դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից»,- մեզ հետ զրույցում նշում է Մուրազ Շամոյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք պետական մարմինների աջակցությունը բավարար է ցանկալի արդյունքի հասնելու համար, Շամոյանը շեշտում է, որ ներկա փուլում համագործակցում են Նիդերլանդների դեսպանատան հետ: Նրա խոսքով` այժմ ռազմավարական փաստաթղթի կազման փուլում են գտնվում, ինչպես նաև կազմում են ճանապարհային քարտեզ, ընդգծում է, որ փաստաթուղթը համաձայնեցված է լինելու պետական գերատեսչությունների հետ:

«Մինչ փաստաթղթի վրա աշխատելը 4 աշխատանքային հանդիպում-քննարկումներ ենք ունեցել որոշում կայացնող պետական մարմինների հետ: Քննարկումներին մասնակցել են նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետարաններից ներկայացուցիչներ, քանի որ այս մարզերում մեծ թվով եզդիներ են բնակվում: Հանդիպումներին ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ, Առողջապահության, Արդարադատության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Քննարկումների արդյունքում ունեցած ամբողջ տեղեկատվությունը քննարկվել է, և այժմ ռազմավարական փաստաթղթի մշակումը ավարտական փուլում է»,- նշում է Մուրազ Շամոյանը:

Շամոյանն ընդգծում է, որ պլանավորում են առաջիկա 5 տարվա ռազմավարական գործողություններ իրականացնել, որոնք ոչ ամբողջովին, բայց կնվազեցնեն վաղ ամուսնությունների թիվը:

Մեր այն հարցին, թե եզդիական համայնքեր այցերը դրական ազդեցություն ունենում են, պատասխանում է, որ իրենց կազմակերպության գլխավոր գործառույթը իրավապաշտպանությունն է, աշխատանքի այս կամ այն բաղադրիչները նպաստում են խնդիրների վերհամանը: «Այս առումով կարևոր է նշել մեր մեդիայի գործունեությունը, մեր գլխավոր նախագծերից է Xirat Media-ն, որի միջոցով ներկայացնում ենք Հայաստանի ազգային փոքրամասնությունների` հատկապես եզդիական կյանքի ու մշակույթի մասին, խոսում ենք մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների միջազգային իրավունքների մասին: Պատրաստում ենք նաև ուսուցողական-տեղեկատվական տեսահոլովակներ, մեդիայի միջոցով եզդի երիտասարդներին հարթակ ենք տալիս, որ խոսեն իրենց խնդիրների մասին: Ծրագրի շրջանակում եզդի աղջիկները բարձրաձայնում են վաղ ամուսնության խնդրի մասին»,- նշում է Մուրազ Շամոյանը:

«Կարևոր է նաև ընդգծել, որ մեր գործունեության հիմնական նպատակն այն է, որ ձևավորված կարծրատիպը փոխվի, ըստ որի` վաղամուսնությունը եզդիական ավանդույթ է, պետք է գիտակցել, որ դա իրականում եզդիական ավանդույթ չէ, այլ մարդու իրավունքների խախտում է»,- ընդգծում է Մուրազ Շամոյանը:

Մեր այն դիտարկմանը, թե վաղաժամ ամուսնությունների վերաբերյալ ունեն կազմած վիճակագրություն Շամոյանը նշեց, որ, ցավոք սրտի, թարմացվող ստատիստիկ տվյալներ չկան, սակայն այս խնդիրը ևս դիտարկվել է ռազմավարական փաստաթղթի ստեղծման ընթացքում:

«Փաստ է, որ վաղ ամուսնությունների խնդիրը կա, նաև պարբերաբար արձանագրվում են մեծ թվեր, սակայն չկա պատասխանատու կառույց, սա ևս ռազմավարական փաստաթղթի գլխավոր նպատակներից է, կարևոր է նաև այն, թե, որ պետական կառույցն է կազմելու վիճակագրություն»,- ընդգծում է Շամոյանը:

Այսպիսով` եզդի համայնքներում բազմաթիվ աղջիկներ դառնում են հին ավանդույթների ու կարծրատիպերի զոհ, վաղաժամ ամուսնությունների առումով շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև պետական մարմինների վերահսկողությունը: Կարևոր է արձանագրել է, որ 21-րդ դարում վաղաժամ ամուսնությունները ոչ թե ավանդույթ է, որը պետք է պահպանել, այլ մարդու իրավունքների խախտում է, որը պետք է կանխարգելել:

Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ