38-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ մասնակցելու է Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
«Վերջին մի քանի շաբաթներին մենք թիմում շատ էինք քննարկում այն հարցը, թե հաջորդ մրցաշրջանում ինչով եմ զբաղվելու Ուիմբլդոնի ու ԱՄՆ-ի Բաց առաջնության միջև ընկած ժամանակում: Ի վերջո սիրտս որոշեց, որ ես կրկին կմասնակցեմ Օլիմպիական խաղերին», – Ֆեդերերի խոսքերը «Թվիթերի» իր էջում մեջբերել է լրագրող Էնդի Շոլերը:
Ֆեդերերը Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է: 2008-ին նա Պեկինում Ստեն Վավրինկայի հետ հաղթել է զուգախաղում: 2012-ին Լոնդոնում դուրս էր եկել տղամարդկանց մենախաղի եզրափակիչ, որտեղ զիջել էր բրիտանացի Էնդի Մարեյին:
Ավելի վաղ 2020-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:
