fbpx
Սպորտ

15:00 25/8/2019

ՖԻԴԵ-ն արձագանքել է՝ Հայաստանի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գևորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը: «Թուրքիայի մրցաշարում իմ մասնակցության հետ կապված միջադեպն արդեն լայն արձագանք է ստացել և մեծ իրարանցում առաջացրել համաշխարհային շախմատում, ինչպես նաև Հայաստանում: Արդեն տեղեկացրել էի, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նամակով դիմել էր ՖԻԴԵ-ին, որպեսզի ուսումնասիրվեր դեպքը: Արդեն ունենք պատասխան ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկիից», – ասել է Մարիա Գևորգյանը:

«ՖԻԴԵ-ն գործին ընթացք է տվել: Դեպքը մանրամասն ուսումնասիրվում է: Շուտով մեղավորները խստագույնս կպատժվեն», – գրված է ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմլ Սուտովսկու պատասխանում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանին մասնակցության հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի կազմակերպիչ թուրք Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից ադրբեջանցիների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ:

Մարիա Գևորգյանին ընդունել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը նամակով դիմել է ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհուն մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով: Միջադեպին արձագանքել են նաև բազմաթիվ միջազջային լրատվամիջոցներ, այդ թվում և BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերեվ