fbpx
Մշակույթ
21:20 23/01/2020

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից

ՀՀ ԿԳՄՍ նախարության աջակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 25-ից 2020 թվականի հունվարի 10-ը Չինաստանում անցկացվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը:

«Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով է դիմել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին (ՀԱՖՆ) Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը՝ հյուրախաղերի վերջին օրը դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:

ՀԱՖՆ-ը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չինաստան այցելած ամենամեծ հայկական պատվիրակությունն է: Ազգային ֆիլհարմոնիկը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Չինաստանի ինը կարևորագույն քաղաքներում հանդես է եկել տասը համերգով: Էդուարդ Թոփչյանը նշում է. «Հյուրախաղերը շատ մեծ քայլ էին նվագախումբը չինական հսկայական մշակութային դաշտում ներկայացնելու գործում, այն էլ այսպիսի ծավալուն համերգային ծրագրով: Հիմնականում հանդես ենք եկել սիմֆոնիկ ստեղծագործություններով, ինչը մեծ պատասխանատվություն էր նվագախմբի համար, բայց և հնարավորություն՝ ցույց տալու նվագախմբի երաժիշտների բարձր որակն ու պատրաստվածությունը: Տասը համերգներից չորսում մեզ միացել է չինացի կլարնետահար Թոնի Շենը, որի հետ կատարել ենք Մոցարտի Կլարնետի կոնցերտը»:

Համերգային ծրագրի զարդը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ‹‹Դիմակահանդես›› և «Սպարտակ»-սյուիտներն էին, հնչել են նաև Չայկովսկու «Շչելկունչիկ», Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից հատվածներ, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան:

ՀԱՖՆ-ի հյուրախաղերին բուռն կերպով արձագանքել է նաև չինական մամուլը, մասնավորապես՝ «Chinadaly», «Chinanews», «China.org.cn», «Sohu.com», «Xinhuanet» պարբերականները: Պեկինում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀԱՖՆ-ի հյուրախաղերի կազմակերպիչներից Ռեյ Արմսթրոնգը խոստովանել է. «Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով: Իսկ այս նվագախումբը (ՀԱՖՆ-ը) այսօր Արևելյան Եվրոպայի լավագույն նվագախմբերից է: Ես մեծ ոգևորությամբ կնպաստեմ հայկական նոր նախագծերի ներկայացմանը Չինաստանում, ինչպես նաև չինական մշակույթի ներկայացմանը Հայաստանում»:

Հյուրախաղերը լի էին նաև հուզիչ դրվագներով, որոնցից էր Սյամին քաղաքում կազմակերպված ֆլեշմոբը. ՀԱՖՆ-ի լարային խմբի և ֆլեյտաների խմբի երաժիշտները քաղաքի կենտրոնում կատարել են Խաչատրյանի ‹‹Դիմակահանդեսից›› մի հատված: Ֆլեշմոբին անցորդները մեծ ոգևորությամբ են արձագանքել:

Հյուրախաղերի շրջանակում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Կարմեն Թոսունյանը վարպետության դասեր են անցկացրել երիտասարդ երաժիշտների համար:

Հյուրախաղերի եզրափակիչ համերգը կայացել է հունվարի 9-ին՝ Չինաստանի մայրաքաղաք Պեկինի արվեստների ազգային կենտրոնում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգին կհաջորդի 2020 թ. Չինաստանում «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Չինաստանի հյուրախաղերը կայացել են Armstrong International Music (Չինաստան) և Wright Music Management (Անգլիա) գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Չինաստանի և Չինաստանում ՀՀ դեսպանությունների ու ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ