Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ուղղությամբ, սակայն չսպանել նրանց, քանի որ հակառակ դեպքում դատական գործընթացով նրանց ներում չի շնորհվի։ Այս մասին գրում է Manila Bulletin-ը:
Դուտերտեն խորհուրդ է տվել կրակել կաշառակերների ոտքերին՝ հետագայում ազատազրկման չդատապարտվելու համար:
«Եթե դուք վճարում եք հարկերը, մաքսատուրքերը և այլն, և այդ ապուշները կաշառք են ուզում ձեզնից, հարվածե՛ք նրանց: Եթե զենք ունեք, կարող եք կրակել նրանց վրա, սակայն մի՛ սպանեք նրանց»,-ասել է Ֆիլիպինների նախագահը:
Դուտերտեն նշել է, որ օրինախախտ պաշտոնյաների ուղղությամբ կրակ բացած քաղաքացիների հանդեպ կկիրառվի պատժի միայն մեկ տեսակ` «ընդամենը մարմնական լուրջ վնասվածքներ»:
Նախագահի խոսքով` կոռուպցիան համատարած երևույթ է դարձել երկրում:
«Այն որդ է, որը բնակվում է յուրաքանչյուր պաշտոնյայի ուղեղում»,-հավելել է նա:
Դուտերտեն երկրի քաղաքացիներին կոչ է արել պաշտպանել իրենց իրավունքները և տեղեկացնել պաշտոնյաների կողմից թույլ տրված յուրաքանչյուր իրավախախտման և կոռուպցիայի յուրաքանչյուր դրսևորման դեպքի մասին: Նախագահը նաև նշել է, որ եթե ինքը տեղեկացվի միջադեպի մասին, իր մոտ է կանչելու օրինախախտ պաշտոնյային և իրավունքները ոտնահարված քաղաքացուն թույլ է տալու հարվածել պաշտոնյայի դեմքին:
2016-ին ընտրված Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն միշտ աչքի է ընկել օրինախախտների դեմ պայքարի կոշտ մեթոդների կիրառման դիրքորոշմամբ: Միջազգային հանրությունը բազմիցս դատապարտել է թմրանյութերիի վաճառքի դեմ տարվող պայքարի` Ֆիլիպիններում կիրառվող մեթոդները: ՄԱԿ-ի մարդու իրավուքների հարցերով զբաղվող փորձագետները դատապարտել են ֆիլիպինյան իշխանությունների կողմից կիրառվող կոշտ մեթոդները` կոչ անելով խոչընդոտել սպանությունների համատարած դեպքերին և հրաժարվել լիարժեք դատական քննության չենթարկված կասկածյալների սպանության պրակտիկայից: