fbpx
Տնտեսություն

Զբոսաշրջության թեմայով ֆորում Հայաստանում․ Գերմանիայից ժամանելու են 70 մասնագետներ

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ասոցիացիայի` Deutscher Reiseverband (DRV)-ի և fvw-ի՝ Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ամսագրի հետ համատեղ կանցկացնի «fvw DRV Destination Forum Armenien» միջոցառումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Միջոցառման շրջանակներում Հայաստան կժամանի Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի 70 մասնագետ, որոնք ներկայացնում են տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ։

Միջոցառման նպատակն է Գերմանիայում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ քննարկման հարթակ զբոսաշրջության ոլորտը ներկայացնող պետական և մասնավոր հաստատությունների համար։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն գերմանական շուկայում Հայաստանի ներկայացման բարելավման և երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Միջոցառման առաջին մասի ընթացքում, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը, մասնակիցները կունենան թեմատիկ երկօրյա ուղևորություն դեպի մարզեր՝ ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերին, բացահայտելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը։ Թեմատիկ ուղևորությունները ներառում են արկածային, մշակութային, էկո և գաստրոնոմիկ ուղղությունները:

Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա գործարար համաժողով, որի ընթացքում հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները բացառիկ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց զբոսաշրջային պրոդուկտները և ձևավորելու գործարար կապեր գերմանացի պատվիրակների հետ։ Միջոցառումը տեղի կունենա Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում՝ 9:30-ից մինչ 17:30: ՀՀ կառավարության կողմից հավատարմագրված լրագրողների մուտքն ազատ է։

Միջոցառումը և ընդհանուր առմամբ Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, լայնորեն կլուսաբանվեն գերմանական մեդիա հարթակներով։

Հարցերի դեպքում դիմել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե․ զանգահարել 011 597 155 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ