Քաղաքականություն

Ֆրանսիան հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին. Անն Լույո

Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին և նրանց հետ սերտ փոխհամաձայնեցված:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանն այս մասին ընդգծել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որն առաջիկա օրերին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Շառլ Միշելի և կանցլեր Շոլցի հետ Քիշնևում կայացած հանդիպման արդյունքում նախագահ Մակրոնը վերահաստատել է, որ մեր պատասխանատվությունն է ձեռնամուխ լինել «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատմանը՝ հարգելով յուրաքանչյուրի ինքնիշխանությունը և մարդկանց, ինչպես նաև փոքրամասնությունների անվտանգությունը»։ Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ այս նպատակին Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին՝ վերջիններիս հետ սերտ փոխհամաձայնեցված»,-ասել է դեսպանը:

Անն Լույոն նաև ողջունել ու շնորհակալություն է հայտնել Եվրամիության քաղաքացիական առաքելության անդամներին՝ նրանց հիանալի աշխատանքի համար, որը նպաստում է խաղաղության ջանքերին։

Նա հույս է հայտնել, որ բանակցությունները, որոնք Վաշինգտոնյան հանդիպումից հետո հուլիսի 15-ին կշարունակվեն Բրյուսելում, հնարավորություն կընձեռեն առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։

Նա կոչ է արել չթուլացնել համատեղ ջանքերը՝ ընդլայնելու միջազգային հանրության ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ