Երևանում մարտի 11-ից կտրվի Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի մեկնարկը: Միջոցառումները կտևեն մինչև ապրիլի 12-ը:
«Արմենպրեսս»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանությունը Ֆրանկոֆոնիայի օրերին կառաջարկի լեզվամշակութային տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված կինոյին, թատրոնին, գիտությանը, գաստրոնոմիային: «Ֆրանսերենը լեզու է, որով ողջ աշխարհում խոսում է 300 միլիոն մարդ, որը գործարարության 3-րդ, ինտերնետի 4-րդ և մոլորակի վրա խոսվող 5-րդ լեզուն է. լեզու, որը տարածված է բոլոր 5 մայրցամաքներում»,-ասաց դեսպանը։
Լաքոտի խոսքով՝ Կանադայի, Բելգիայի և Շվեյցարիայի դեսպանությունների համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի բացումը կկայանա մարտի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից բազմաժանր 11 ֆիլմ ֆրանսերենով՝ հայերեն կամ ռուսերեն ենթագրերով: Մուտքը կլինի անվճար»,-հավելեց նա:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կարևորեց նաև մարտի 21-ին և 22-ին Գյումրիում, Երևանում և Դիլիջանում կայանալիք ֆրանսիական գաստրոնոմիային նվիրված միջոցառումները: «Երևանի Ալյանս Ֆրանսեզ»-ում մարտի 23-ին կկայանա ֆրանսերենի գրավոր մրցույթ՝ «Ասա տասը բառ» խորագրով: Միջոցառմանը կմասնակցեն 13-25 տարեկան պատանիներ ու երիտասարդներ: Լավագույնները կստանան մրցանակներ, այդ թվում՝ լեզվի ստաժ Ֆրանսիայում»,- նշեց պրն Լաքոտը:
Մարտի 28-30-ը Գորիսը կհյուրընկալի Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: «Ֆրանկոֆոնիայի օրերը կեզրափակվեն «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» թեմայով համաժողովով, որը կկայանա ապրիլի 10, 11, 12-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Թուլուզի համակարգչային հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ միջև համագործակցությամբ»,- ընդգծեց դեսպանը:
Աղբյուրը՝ armenpress.com