fbpx
Կրթություն

Ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել և քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու գործողությունները։ Կողմերի համոզմամբ պատերազմում ներգրավված երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն խոսքերով չէ, որ պետք է արտահայտվի, այլև կոնկրետ գործողություններով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Այս գաղափարին միտված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց վերադարձնելու ծրագրեր, որոնցից են սոցիալական աջակցությունը, ինտեգրացված ուսուցումը՝ ուսման բացը լրացնելու համար, ինչպես նաև հոգեբանական ռեաբիլիտացիոն աշխատանքները: Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունը մեր երկրի համար շրջադարձային այս օրերում՝ աջակցելու ուսանողներին։

«Բառերն ու գործողությունները միանշանակ բավարար չեն այս երիտասարդների հերոսությունը գնահատելու համար, դրանք չեն մեղմի ընտանիքների անսպառ վիշտը․ ոմանք չէին զորակոչվել, բայց որպես կամավոր անմիջապես մեկնել էին մարտադաշտ, ծառայել վտանգի մեջ գտնվող հայրենիքին․ սա ազնվության մեծ ապացույց է, իսկ ազնվությունը ՀՖՀ-ի հիմնական արժեքներից մեկն է։ Պետք է ցույց տանք մեր խորին երախտագիտությունը․ սա է նվազագույնը, որ կարող ենք անել»,- իր խոսքում նշել է ռեկտոր Բերտրան Վենարը։

Ընդգծելով, որ Հայաստանի համար պատմական ժամանակներ են՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նշել է, որ այս փուլում կարևոր է բուհերի սոցիալական պատասխանատվությունը․ «Խնդիրներն ու ծրագրերը ընդհանրական են բոլոր բուհերի համար, որովհետև մեր ուսանողությունն ակտիվորեն մասնակցել է հայրենիքի պաշտպանության գործին: Այս առումով էլ կարևոր է բուհերի բարձր սոցիալական պատասխանատվությունը, որով դուք ձեզ հասցեատեր եք զգում մեր երկրում ծառացած խնդիրները լուծելու առումով։ Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը ենթադրում է քաղաքացիական մեծ պատասխանատվություն, ուստի ուսանողները ոչ մի դեպքում պետք է չտուժեն: Սա նաև հոգեբանական աջակցություն է».- եզրափակել է Ա. Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայումս քննարկում են պատերազմի մասնակից ուսանողներին աջակցելու տարբեր փաթեթներ: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք ռազմավարական նախագծեր՝ միտված Ֆրանսիական համալսարանի գործունեության հետագա ընդլայնմանը և զարգացմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ