Աշխարհ
14:00 02/03/2020

Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Բուլղարիային փախստականների հարցում

Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնել Հունաստանին և Բուլղարիային՝ նշելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:

«Լիակատար աջակցություն հատնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,-նշել է Մակրոնը:

Կիրակի Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրադրությունը լուրջ, բացառիկ և անհամաչափ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ
COVID-19. թարմացումներ