fbpx
Աշխարհ

Ֆրանսիան վիրտուալ արժույթի ընդհանուր կանոններ է պահանջում

Եվրամիությունը պետք է ընդհանուր կանոններ մտցնի վիրտուալ արժույթի կառավարման համար: Այժմ այն հիմնականում կարգավորվում է ազգային մակարդակով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո Լե Մարեն: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ԵՄ 28 երկրների համար թվային արժույթի հարցով ընդհանուր շրջանակ է անհրաժեշտ: Նա կրկին հայտարարել է, որ դեմ է ԵՄ-ում Facebook Libra կրիպտոարժույթի հայտնվելուն: Բռունո Լե Մարեն կոչ է արել նաև հանրային թվային արժույթ ստեղծել, սակայն չի հստակեցրել՝ ինչ նկատի ունի:

Հունիսին Facebook-ը հայտնել էր Libra կրիպտոարժույթի գործարկման մասին։ Ենթադրվում է, որ այն կգործարկվի գալիք տարի։ Libra-ն նախատեսված է արտարժութային ակտիվների զամբյուղին աջակցելու նպատակով՝ խուսափելու համար վայրի տատանումներից, որոնք նկատվում են բիթքոինների և այլ կրիպտոարժույթների պարագայում։

Մյուս էական տարբերությունն այն է, որ դրանց վերահսկողությունը ապակենտրոնացված չի լինի, այլ կդրվի շվեյցարական ոչ առևտրային ասոցիացիայի վրա։ Բացի Facebook-ից, Libra-ի հովանավորների թվում են Visa, MasterCard և PayPal վճարային հսկաները, ինչպես նաև Lyft և Uber հավելվածները։

Ֆրանսիացի պաշտոնատար անձինք նախազգուշացրել են այն վտանգի մասին, որը ներկայացնում է Libra-ն այն պահից, երբ դրա մասին հայտարարվեց։

«Երկրների դրամային ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է դրամի հնարավոր մասնավորեցումից… միակ սուբյեկտից՝ ավելի քան 2 մլրդ օգտատիրոջով»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

Շատերը մտավախություն ունեն, որ Libra-ն կարող է օգնել մարդկանց հրաժարվել ազգային արժույթներից ճգնաժամի ժամանակ, ինչը կբարդացնի կառավարությունների՝ տնտեսությունները կառավարելու ջանքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ