Ֆրանսիայում այսօրվանից լայնածավալ համազգային գործադուլ է սկսվելու, որը կհանգեցնի հանրային տրանսպորտի աշխատանքների զգալի խափանումների։ Ենթադրվում է, որ այն կլինի անժամկետ․ ֆրանսիացիները պատրաստվում են բողոք հայտնել կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխման դեմ:
Ինչպես փոխանցում է Փարիզի հանրային տրանսպորտի RATP ընկերությունը, հինգշաբթի գործադուլի հետևանքով ամբողջությամբ կդադարեցվի գնացքների երթևեկությունը փարիզյան մետրոյի 11 ուղղություններով՝ 2, 3, 3 bis, 5, 6, 7 bis, 8, 10, 2, 12, 13: Երթևեկությունը չափազանց սահմանափակ կլինի 4, 7 և 9 գծերով: Սովորական ռեժիմով կգործեն միայն անվարորդ՝ 1 և 14 գծերը:
Զգալի խափանումներ են սպասվում Փարիզի մերձքաղաքային RER էլեկտրական գնացքների աշխատանքում: Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի ավտոբուսների և տրամվայների միայն մոտ 30 տոկոսը:
Գործադուլը կհանգեցնի Ֆրանսիայում TGV արագընթաց գնացքների և մերձքաղաքային Transilien գնացքների 90 տոկոսի երթևեկության չեղարկմանը: Դրանից բացի, EasyJet ավիաընկերությունը հայտնել է ներքին և միջին հեռավորության 233 չվերթների չեղարկման մասին: Air France-ը Ֆրանսիայում չեղարկել է չվերթների 30 տոկոսը և միջին հեռավորության 15 տոկոսը:
Տեղաշարժման այլընտրանքային միջոցներ կլինեն հեծանիվները, սկուտերները: Ֆրանսիացիներին նաև խորհուրդ են տալիս օգտվել ուղեկցորդ գտելու ծառայություններից՝ աշխատավայր հասնելու համար:
Դրա հետ մեկտեղ տրանսպորտի բացակայության պատճառով ֆրանսիական մի շարք ընկերությունների ղեկավարներ որոշում են ընդունել իրենց աշխատակիցների հետ հեռավորությամբ աշխատելու մասին:

