fbpx
Քաղաքականություն

Գաղտնազերծել բանակցային բոլոր փաստաթղթերը, կամ` լռել․ Խառատյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արցախյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից` ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակած հոդվածին: Պոպովը պնդում է, թե Փաշինյանը փաստեր է խեղաթյուրում` մանրամասներ ներկայացնելով ընդհուպ մինչև 2019-ի հունիս ամսին կողմերին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ: Մի կողմ թողնենք ռուսաստանցի դիվանագետի մոտիվներն ու դրա էթիկական հատվածը. Ի՞նչ պետք է անենք մենք:

Ինչպես գիտենք, 1994-ից ի վեր, արցախյան բանակցային ողջ գործընթացը վարվել է գաղտնիության սկզբունքով: Դրանց որոշ հատվածներ ոչ պաշտոնական խողովակներով հրապարակվել, կամ` գաղտնազերծվել են ներկա ու նախկին պաշտոնյաների, Մինսկի խմբի համանախագահների, փորձագետների ու լրագրողների կողմից:

Արցախյան բանակցային գործընթացը` Քի Վեսթից մինչև Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ և անդին, տարբեր փուլերում իր մի շարք հոդվածներում հրապարակել է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյան-ը` ANI Armenian Research Center կայքում, սակայն դրանք երբեք պաշտոնական փաստաթղթեր չեն եղել:

Իրենց պաշտոնավարման ընթացքի բանակցային տվյալներ են հրապարակել արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդուարդ Նալբանդյանը, մինչդեռ 90-ականների բանակցությունների մանրամասնություններին մեծամասամբ առնչվում ենք պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մենագրությունների, հոդվածների, հարցազրույցների ու ելույթների միջոցով: Ցավոք, սակայն, այս մասով ևս բնօրինակները սակավաթիվ են:

Հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները, թերևս ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը, որոնք պետք է գտնվեն գործող քաղաքական մեծամասնության տնօրինության ներքո: Այսպիսով, նախ` հստակեցումներ կմտցվեն ներհայաստանյան հանրային-քաղաքական դաշտում, և ապա կկանխվեն ապագայի ներքին ու արտաքին հնարավոր նոր շահարկումները:

Մեր երկրի ու ժողովրդի համար այս լրջագույն մարտահրավերների շրջանում գործող պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ կամ` ամբողջական ծավալով լույս են սփռում անցյալի անգամ ամենածանր իրողությունների վերաբերյալ, կամ` դադարեցնում են մասնակի ներկայացնել պաշտոնական փաստաթղթերը, որոնք խորացնում են ճգնաժամն ու ավելացնում վտանգները»:

https://www.facebook.com/arsen.kharatyan/posts/3898225083605682?__cft__%5B0%5D=AZVVNzLiHJ1pknoX8LmmP67XkH_4tCRM7ZZfy2Z_K3fupLoScSBBnOqowmfIie0l5CdkXgMGL5bPDmx0Z2yGi87b5YrKY7p9gncSsucwGbxv5CMh4aWbFhmyEGuMW2pI2BktsU2dHfhEV2MeTbLqvbD_&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ