fbpx
Խորհրդարան

Գայանե Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել կատարած այցերի վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել Չեխիա, Ուկրաինա և Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ:

Պատգամավորը նշել է, որ հոկտեմբերի 13-ից 15-ը մասնակցել է Պրահայում կայացած «Ֆորում 2000» հայտնի համաժողովին, որը նվիրված էր Չեխիայում իրականացված հեղափոխության 30 ամյակին: Գայանե Աբրահամյանի գնահատմամբ՝ համաժողովը տարբեր հարցեր քննարկելու լավ հարթակ է: Նա նշել է, որ մեծ կարրորություն է տրվել Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը, որդեգրած արժեքներին ու բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների կամքին: Համաժողովի ընթացքում պատգամավորը ներկայացրել է մեր երկրում իրականացված հեղափոխության արդյունքները, հետհեղափոխական շրջանը, մեդիայում առկա խնդիրները:

Այցի շրջանակում Գայանե Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխխոսնակ Միլուշե Հորսկայի, ինչպես նաև Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտեխի հետ: Անդրադարձ է կատարվել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի՝ Սենատի կողմից հաստատման հարցին: Չեխ գործընկերները նշել են, որ հարցը աշխատանքային օրակարգերում է: Բանախոսի խոսքով՝ մտքեր են փոխանակել Չեխիայում իրականացված անցումային արդարադատությանը, կիրառված լյուստրացիային, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերի շուրջ:

Ներկայացուցիչնրի պալատի փոխխոսնակ Վոյտեխ Պիտախի հետ հանդիպման ժամանակ Գայանե Աբրահամյանը բարձրացրել է Չեխիայի կառավարության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, որի առնչությամբ չեխական կողմը հավաստիացրել է, որ խստորեն կվերահսկվի, որ երբևէ նման գործընթաց տեղի չունենա: Պատգամավորը տեղեկացրել է, որ Ադրբեջանը հսկայական ներդրումներ է իրականացնում այդ երկրում: Նա նաև նշել է, որ 2018-ին Չեխիայի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն ակտիվացել են, ներկրումները կրկնապատկվել են:

Հոկտեմբերի 29-ից 30-ը Գայանե Աբրահամյանը, որպես Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, մասնակցել է կառույցի բյուրոյի նիստին: Հաջողվել է Հայաստանի համար ոչ ձեռնտու որոշ գործընթացներ կանխարգելել: «Ուկրաինական և ադրբեջանական պատվիրակությունները փորձում էին առաջ մղել առանձին Անվտանգության հանձնաժողով ունենալու գաղափարը: Դա մեզ ձեռնտու չէ, ստեղծելու էին մի հարթակ, որը հատկապես ուկիարինական կողմի և ադրբեջանական կողմի տարածքային ամբողջականության ընդհանուր շահը առաջ մղելու հիմնական հարթակն էր դառնալու: Կարողացել ենք չեղարկել այդ գաղափարը»,- նշել է պատգամավորը հավելելով, որ վստահ չի, որ դեկտեմբերին հարցն օրակարգ չի բերվի. այս պահին վտանգը չեզոքացվել է:

Նոյեմբերի 4-ից 6-ը Գայանե Աբրահամյանը Շվեդիայում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Այնտեղ նախատեսված է եղել նաև Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթը, որին, ըստ օրակարգի, պետք է հաջորդեր հարցուպատասխան: Գայանե Աբրահամյանը պատրաստվել է որոշ հարցեր հղելու նրան, սակայն հարցեր տալու հնարավորությունը հանվել է:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ