fbpx
Խորհրդարան

Գազի գինն այս տարի չի բարձրանա, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ի առաջ դրվել է օպտիմալացման հարց. Նիկոլ Փաշինյան

2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը փորձում էր հասկանալ՝ ինչպե՞ս է փոխհատուցվելու Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը սպառողների համար այն դեպքում, երբ դեռ ՌԴ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ սուբսիդավորում բյուջեից չի լինելու: Պատգամավորը նաև մտավախություն ուներ, որ եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ բանակցությունները չստացվեն, ապա կարող է կուտակվել ներքին պարտք:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ իր համար անհասկանալի է պատգամավորի հայտարարությունը ներքին պարտք ձևավորվելու մասին:

«Պետությունը գազ չի գնում, գազը Ռուսաստանից գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ պետությունը գործ ունի Հայաստանի սպառողների հետ և մենք ասել ենք, որ 2019 թվականի ընթացքում գազի գինը չի բարձրանալու: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը», – ասաց վարչապետը:

Շարունակելով գազի գնի շուրջ բանակցությունների թեման՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցի շուրջ կա հայ-ռուսական հարաբերությունների ու ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկման անհրաժեշտություն:

«Այդ քննարկումները պետք է իրականացնենք ու պաշտպանենք Հայաստանի շահերը: Մենք այս պահին խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման ու կառավարման արդյունավետության բարձրացման: Այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք», – հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ