«Գազպրոմբանկը» սառեցրել է վենեսուելական նավթային PDVSA ընկերության հաշիվները, իրեն ԱՄՆ պատժամիջոցներից ապահովագրելու համար: Այս մասին Reuters-ին հայտնել են բանկից, սակայն վարկային կազմակերպությունից դեռևս պաշտոնական հայտարարություն չկա:
Հունվարի սկզբերին հայտնի է դարձել, որ PDVSA-ն բանկային հաշիվները տեղափոխում է «Գազպրոմբանկ», սակայն բանկից այդ տեղեկությունը չեն հաստատել:
Վենեսուելական ընկերությունը հունվարի վերջից հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Սահմանափակումները կհանվեն, եթե եկամուտները փոխանցվեն այն բանկային հաշիվներին, որոնց մասնակի հասանելիություն ունի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն:
Հունվարի 23-ին գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյից դժգոհության ֆոնին՝ Խուան Գուայդոն ինքն իրեն Վենեսուելայի առաջնորդ է հռչակել: Մի շարք երկրներ ճանաչել են նրան որպես նախագահ, սակայն Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Մեքսիկան և մի շարք այլ երկրներ հայտնել են, որ աջակցում են Մադուրոյին: