fbpx
Մարզեր

Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները

Գեղարքունիքի մարզի Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում 2020 թվականի ընթացքում ՀՀ ջրային պետական կոմիտեի ԾԻԳ-ի միջոցներով և համայնքապետարանների համաֆինանսավորմամբ կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ ծրագիրը ներկայացրեց ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մամիկոն Գասպարյանը: «Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում իրականացնելու ենք ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր՝շուրջ 900 միլիոն դրամ արժեքով: Համայնքապետարանները համաֆինանսավորում կանեն ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով:

Բնակավայրերի ներսում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները: Հողաշեն ջրանցքներում կտեղադրվեն երկաթյա, երկաթբետոնյա կամ պոլիէթիլենային խողովակներ, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները:

Այսօրվա հանդիպման նպատակն է՝ մարզպետարանի, «Գեղարքունիք» ՋՕԸ-ի և համայնքի ղեկավարների հետ վերջնական տեսքի բերել նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք ավարտական փուլում են գտնվում, ապահովել համայնքապետարանների կողմից կատարվող ներդրումները և շինարարական մրցույթը հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի եղանակների տաքանալուն պես ձեռնարկվեն շինարարական աշխատանքներ»,-տեղեկացրեց Մամիկոն Գասպարյանը: Համայնքների ղեկավարները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ համաֆինանսավորումը ժամանակին կատարելու ուղղությամբ:

«Շատ կարևոր ծրագիր է իրականացվելու ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի մրցույթը հայտարարվի 2020 թվականի ձմռան ընթացքում, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկեն գարնանից, որպեսզի համայնքները ոռոգման շրջանը դիմավորեն կազմ ու պատրաստ վիճակում»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ