fbpx
Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգևներ է հանձնել 22 վետերանների

Գեղարքունիք մարզպետ Գնել Սանոսյանը մայիսի 9-ին հյուրընկալեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գավառի տարածաշրջանի վետերաններին:

Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղ և առողջ կյանք:

«Ուրախ եմ, որ հնարավոր եղավ ձեզ հանդիպել իմ աշխատասենյակում: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ձեր ծառայակից բոլոր ընկերներին այն ամենի համար, ինչ որ արել եք Մեծ հայրենականի ընթացքում: Ես համոզված եմ, որ դուք այդ հաղթանակը ձեռք եք բերել նաև ձեր գիտելիքների ու մասնագիտական հմտությունների շնորհիվ: Դուք միայն ձեր ընտանիքների և ձեր թոռների պապերը չեք, դուք նաև մեր բոլորիս պապերն եք, և ձեզանից մենք շատ ու շատ բաներ ունենք սովորելու: Մենք խոնարհվում ենք նաև ձեր ծառայակից ընկերների հերոսական անցյալի առաջ: Ձեր օրինակը վարակիչ եղավ նաև մեր սերունդների համար, ովքեր կյանքի ու մահու գնով պայքարեցին Արցախյան պատերազմի ընթացքում: Հավերժ փառք բոլոր ժամանակների հերոսներին», – վետերաններին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Մեծ Հայրենականի վետերաններն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետին, նշելով, որ նման ուշադրությունն իրենց ոգևորում է և պարտավորեցնում՝ ավելի երկար ապրել: Վետերանների հետ ունեցած անմիջական զրույցից հետո Գնել Սանոսյանը նրանց հանձնեց դրամական պարգևներ:

Հավելենք նաև, որ Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ ապրում են Մեծ Հայերնականի 22 վետերաններ, որոնցից 8-ը Գավառի , 10-ը՝ Մարտունու, 3-ը՝ Վարդենիսի և 1-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններում: Գեղարքունիքի մարզպետի կողմից շնորհված դրամական պարգևները մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները մյուս տարածաշրջաններ վետերաններին կհանձնեն՝ նրանց բնակարաններ այցելելով:

Վետերանների հետ ունեցած հանդիպումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Գավառի քաղաքապետարանի կողմից քաղաքում կազմակերպված տոնական ծառատունկին:

Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ