fbpx
Կրթություն

95 շրջանավարտ արժանացել է գերազանցության մեդալի

Հուլիսի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2020-2021 թթ ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 95 շրջանավարտ (192 հավակնորդից) արժանացել գերազանցության մեդալի:

«Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում պարգևատրել են մեդալակիր շրջանավարտներին: Միջոցառմանը մասնակցել են նաև 2019-2020 թթ. ուստարվա գերազանցության մեդալի արժանացած շրջանավարտները, որոնց համար կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի չէր կազմակերպվել մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը, ողջունելով և շնորհավորելով մեդալակիրներին, համոզմունք է հայտնել, որ նրանց ուսանողական տարիները ևս ձեռքբերումներով կանցնեն. «Պատիվ ունենք ձեզ հանձնելու այս մեդալները, որոնց արժանացել եք փայլուն ուսումնառության շնորհիվ:

Առանց նրանց ամենօրյա աշխատանքի և նվիրումի հնարավոր չէր լինի հասնել նման արդյունքի: Խոնարհվում եմ մեր բոլոր ուսուցիչների առջև: Ցանկանում եմ, որ նրանք մշտապես տեսնեն իրենց աշակերտների նմանօրինակ ձեռքբերումները, իսկ մենք պետք է գործադրենք անհրաժեշտ ջանքեր, որպեսզի ուսուցիչը մշտապես լինի բարձունքում, իսկ ուսուցչի աշխատանքը դառնա գերագույն և ինչ-որ տեղ դժվարահաս կարգավիճակ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս համոզմունք է հայտնել, որ մեդալակիր շրջանավարտների ձեռքբերումները շարունակական են լինելու.

«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ այս կարևոր արդյունքի համար: Վերջին ուսումնական տարիները բավականին բարդ պայմաններում անցան: Շատ ուրախ եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ կարողացել եք ավարտին հասցնել ձեր սկսած կարևոր գործը: Վստահ եմ՝ բոլորդ մեծամեծ ձեռքբերումներ եք ունենալու և նույն հաջողությամբ սովորելու եք նաև մասնագիտական կրթության շրջափուլում: Կանենք առավելագույնը, որպեսզի նպաստենք ձեր կյանքի հաջորդ փուլերում ավելի մեծ հաջողությունների գրանցմանը»:

Նախորդ տարի գերազանցության մեդալ ստացած շրջանավարտներից 4-ը պարգևատրման արարողությանը մասնակցում էին արդեն զինվորի կարգավիճակով: Վահրամ Դումանյանը նրանց բեմ է հրավիրել և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել.

«Հպարտանում ենք բոլորովդ, սակայն այս տղաներն առանձնակի շնորհակալության են արժանի: Դուք մեր պարծանքն եք: Ձեզ խաղաղ ծառայություն և քաջառողջություն եմ մաղթում: Մենք մշտապես ձեր կողքին ենք»:

Պարգևատրման արարողության ավարտին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք մեծապես վերաբերել են կրթության ոլորտի բարեփոխումներին, բուհերում նոր մասնագիտությունների ներդրմանը:

«Կրթական բարեփոխումները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, սակայն պետք է հասկանալ, որ այսօրվա փոփոխությունների արդյունքները տեսանելի կլինեն որոշ ժամանակ անց: Սա տևական գործընթաց է: Կրթության ոլորտը շատ զգայուն համակարգ է, որտեղ չի կարելի ցուցաբերել շտապողականություն և կատարել տարատեսակ փորձարկումներ»,- ասել է Վահրամ Դումանյանը և վստահեցրել, որ նախարարությունն անում է առավելագույնը՝ խնդիրներին արդյունավետ և նպատակային լուծում տալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ