fbpx
Իրավական

Գերեզմանատան վարիչն ու հսկիչը պահանջել են խոշոր չափերի կաշառք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը, հայտնում են ԱԱԾ պաշտոնական կայքից։

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու նույն գերեզմանատան հսկիչը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպությունում կազմակերպչական և տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, քաղաքացու կողմից նախընտրելի գերեզմանատանը գերեզմանատեղի հատկացնելու համար վերջինիցս պահանջել են խոշոր չափերի՝ 719 280 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք:

2020 թ. ապրիլի 29-ին գերեզմանատան հիշյալ հսկիչը նախապես պայմանավորված 1500 ԱՄՆ դոլար կաշառքը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, իսկ վերջինս խոստովանել է հանցագործության կատարումը։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնատար անձինք ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ