fbpx
Իրավական

Հայ գերիներին 15 տարվա ազատազրկում է սպառնում

Հուլիսի 26-ին Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ գերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը,  Ադրբեջանը նրանց մեղադրում է լրտեսության մեջ։ Նիստն ընթանում է դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը։ Ըստ դրա՝ հայ գերիները, իբր, ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը լրտեսության նպատակով, որպեսզի հավաքեն ռազմական բնույթի տեղեկատվություն և դրանք փոխանցեն Հայաստանի հատուկ ծառայություններին։

Հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (օրենքով չնախատեսված զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։
Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Լրատվամիջոցը նշում է, որ Դավթյանը և Սուջյանը մասամբ իրենց մեղավոր են ճանաչել Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մասով: Իր ցուցմունքում Գևորգ Սուջյանը հայտնել է, որ Արցախում է գտնվել բարեգործական գործունեություն ծավալելու նպատակով և չի իմացել, որ իրեն ամենուր ուղեկցող Արտակ անունով մարդը Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակից է: Ըստ ադրբեջանական կողմի՝ Սուջյանը խոստովանել է, որ Արտակի հետ ծանոթացել է 2019 թ.-ի ամռանը, որպեսզի լուծի օրենքի հետ իր խնդիրները և համաձայնել է աշխատել հատուկ ծառայությունների համար:

Ըստ ցուցմունքի՝ Սուջյանը, իբր, հանձնարարություն է ստացել մտնել Ադրբեջանի տարածք և տեղեկություններ հավաքել ռազմական տեխնիկայի և ադրբեջանական բանակի դիրքերի մասին և թույլտվություն է ստացել մեկնել Դավիթի հետ: Նշվում է, որ հայ գերիները Ադրբեջանի տարածք են թափանցել Գորիսից:

Նշենք, որ «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր-նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկեր Դավիթ Դավթյանը գերեվարվել են ադրբեջանցիների կողմից հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Բերձոր-Շուշի ճանապարհին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ