Հասարակություն

Այս պահին Ադրբեջանում կան գերիներ, որոնց մեծ մասը Շիրակի մարզից են՝ Գյումրիից․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկայում Ադրբեջանի հայատյացության դրսևորումների փաստերը ներկայացնող արտահերթ զեկույց կներկայացնի։

Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Քրիստիննե Գրիգորյանը։

«Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց՝ վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր անհատական հարցազրույցների հիման վրա՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստերը: Զեկույցը կներկայացվի միջազգային հանրությանը: Այս աշխատանքները չպետք է կանգնեն։ Ադրբեջանում, բացի հաստատված գերիներից, կան նաև այլ գերիներ, որոնց Ադրբեջանում գտնվելն այդ երկրի իշխանությունները ժխտում են, թեև կան բավարար ապացույցներ, որ այդ անձինք Ադրբեջանում գերեվարված են»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը։

ՄԻՊ գրասենյակը շարունակում է ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց խոշտանգումների փաստերի հավաքագրման գործընթացն ու աշխատանքները ինչպես տարբեր միջազգային կառույցների, այնպես էլ տարբեր պետությունների ու դեսպանատների հետ, որոնք որոշակի ներգրավված են բանակցություններում:

«2020 թվականից հետո մեր ռազմագերիների թիվը ցավալիորեն համալրվեց սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով։ Տեղյակ եք, որ 17 անձինք վերադարձել են, բայց այս պահին Ադրբեջանում ունենք գերիներ, որոնց մեծ մասը Շիրակի մարզից են՝ Գյումրիից: Մեր աշխատանքները միջազգային իրավունքների լույսի ներքո փաստերի հավաքագրման ուղղությամբ շարունակվում են: Այս առումով ակտիվ կապի մեջ ենք ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ ավելացնելու միջազգային ճնշումը, ինչը պետք է, ի վերջո, հանգեցնի մեր տղաների վերադարձին»,- նշեց Գրիգորյանը։

Իրականացվող այս աշխատանքներին զուգահեռ գերիների ընտանիքների հետ ևս մեծ աշխատանք է իրականացվում:

«Այս պահի դրությամբ գիտենք գրեթե բոլոր ընտանիքների կարիքները՝ սոցիալական, տնտեսական, հոգեբանական և այլն: Զուգահեռաբար փորձում ենք Կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ աջակցության, փոխհատուցումների կամ այլ ծրագրերի մասով:

Ըստ ՄԻՊ-ի՝ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հայատյաց ու պատերազմ հրահրող քաղաքականությունը, ինչն ավելի է դժվարացնում Հայաստանի և տարբեր միջազգային կառույցների աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ