Աշխարհ
23:00 31/07/2019

Գերմանիայում չեն ցանկանում մասնակցել Պարսից ծոցում ԱՄՆ առաքելությանը

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը դեմ է Գերմանիայի մասնակցությանը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գծով ԱՄՆ առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։

«Ես դրան թերահավատորեն են վերաբերվում և մտածում եմ, որ այդ թերահավատությունը կիսում են շատերը»,- ասել է Շոլցը ZDF հեռուստաալիքի եթերում։

Հարցին, թե արդյոք միասնական գիծ կա այս հարցում ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ կոալիցիոն կառավարության բոլոր անդամների միջև, նախարարը պատասխանել է. «Այո, ես նման տպավորություն ունեմ»։

Բեռլինում շատերն են ցանկանում քննարկել Փարիզի և Լոնդոնի հետ, թե ինչպես կարելի է հետևել իրավիճակին Պարսից ծոցում, բայց առաքելություն ուղարկելու մասին խոսք չկա, շարունակել է Շոլցը։ Հարցին, թե արդյոք Վաշինգտոնին պաշտոնապես տվել են մերժման պատասխան առաքելությանը մասնակցության մասին, Շոլցը միանշանակ պատասխան չի տվել՝ նշելով, որ Բեռլինի դիրքորոշումն այս հարցում հայտնի էր նաև առաջ։

Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է կանխել իրավիճակի սրացումը Պարսից ծոցում, մասնավորապես՝ Իրանի տարաձայնությունների սրումն այլ երկրների հետ, կարծում է նախարարը։ Կարևոր է նաև թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի, նշել է նա։

Նախօրեին ԱՄՆ-ը Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային առաջարկել էր միանալ Պարսից և Օմանի ծոցերն իրար միացնող Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման առաքելությանը։ Ավելի վաղ Լոնդոնն առաջարկել էր այդ նպատակի համար ստեղծել համաեվրոպական առաքելություն։

Այն ժամանակվանից, երբ ԱՄՆ-ը 2018-ին դուրս եկավ Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրից, հակամարտությունները սրվել են Պարսից ծոցի տարածաշրջանում, որոնց մասնակցում են մի շարք պետություններ, նշում են դիտորդները։ Մասնավորապես, հունիսի 13-ին ԱՄԷ-ի և Իրանի միջև միջազգային ջրերում կատարվել է հարձակում երկու հեղուկանավի վրա, որում Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին։

Հուլիսին Ջիբրալթարի իշխանությունները կալանավորեցին Grace 1 հեղուկանավը՝ կասկածելով, որ այն Սիրիա է տեղափոխում իրանական նավթ՝ խախտելով ԵՄ պատժամիջոցները։ Երկու շաբաթ անց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները Հորմուզի նեղուցում կալանավորեցին բրիտանական Stena Impero հեղուկանավը՝ նրան մեղադրելով միջազգային նավագնացության կանոնների խախտման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ